Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը ՀՊՏՀ-ում նշանավորվեց իրազեկող սեմինարով

01.03.2021
Դիտումների քանակ՝ 1221

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, համալսարանի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի նախաձեռնությամբ բուհում անցկացվեց «Զանգվածային ոչնչացման զենքեր» խորագրով իրազեկող սեմինար։ Հյուր-բանախոսն էր ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր Տիգրան Գևորգյանը։ Մասնակցում էին նշված ամբիոնի դասախոսներ, ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսը՝ դասախոս Վեներա Ոսկանյանի, կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսը՝ դասախոս Անի Տերտերյանի գլխավորությամբ։

Ելույթ ունեցավ Սիրանուշ Հարությունյանը՝ կարևորելով Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա նշանակությունը։ Նա պատմական ակնարկով խոսեց օրվա խորհրդի մասին։ Կենսաբանական ու քիմիական զենքերի մասին համառոտ տեղեկություն հայտնեցին 1-ին կուրսեցիները։

Սեմինարի հիմնական թեմային՝ զանգվածային ոչնչացման զենքերին, անդրադարձավ Տիգրան Գևորգյանը՝ մասնագիտական վերլուծություն ներկայացնելով դրանց էության, կիրառման, ազդեցությունների վերաբերյալ։ Նա պատասխանեց լսարանի հարցերին։

asue.am հետ զրույցում Սիրանուշ Հարությունյանն ընդգծեց, որ оր օրի անհրաժեշտություն է դառնում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը։

«Հատկապես վերջին պատերազմից և երկրաշարժից հետո մեր հասարակության քաղաքացիական պաշտպանության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումը հրատապ է դառնում։ Մենք մեր գործառույթների շրջանակում, ամեն ուսումնական տարում կազմակերպում ենք տեղեկատվական հանդիպումներ»,-ասաց քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատուն։

asue.am-ի հետ զրույցում օրվա խորհուրդը կարևորեց դասախոս Անի Տերտերյանը․ «Ներկայումս քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շարքում առանձնապես կարևորվում է խոցման ժամանակակից միջոցներից, ինչու չէ նաև զանգվածային ոչինչացման զենքերից խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված նախապատրաստական միջոցառումների լիարժեք կազմակերպումը և հիմնական միջոցառումների օպերատիվ իրականացումը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով հրահրված հայ-ադրբեջանական պատերազմը վեր հանեց քաղաքացիական պաշտպանության այն հիմնական բացերը, որոնք այժմ ենթակա են արագ արձագանքման»։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին