ԼՂ ուսանողների կցագրում, փաստաթղթերի վերանայում, բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայեցակարգի ներկայացում ՀՊՏՀ գիտխորհրդում

01.11.2023
Դիտումների քանակ՝ 722

Հարցերի ընդգրկուն օրակարգով հոկտեմբերի 31-ին կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանի գլխավորությամբ։

Օրակարգի առաջին հարցը զեկուցեց ռեկտորը, այն վերաբերում էր 2023-2024 ուսումնական տարում մեր համալսարանում կցագրվող և ուսանողական իրավունքները վերականգնող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ԼՂ պետական և մասնավոր համալսարանների ուսանողներին։

Հաջորդիվ Դիանա Գալոյանը զեկուցեց «ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ-ում «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ համալսարան ունենալու հայեցակարգ ներկայացնելու մասին» հարցը՝ ընդգծելով, որ խնդրո առարկայի վերաբերյալ ՀՊՏՀ հայեցակարգային հիմնավորումները շուտով կներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն։ Ներկայացված հայեցակարգը գիտական խորհուրդը հաստատեց։

Գիտական խորհրդի նիստը շարունակվեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին հարցերի քննարկմամբ և մրցույթների կազմակերպմամբ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ գիտխորհուրդը կառավարման ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․, Խորեն Մխիթարյանին պրոֆեսորի, իսկ լեզուների ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Աննա Ղարսլյանին դոցենտի գիտական կոչումներ շնորհեց։

Գիտական խորհրդի օրակարգի հարցերի զգալի մասը վերաբերում էր համալսարանի մի շարք փաստաթղթերում՝ գիտական խորհրդի, ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգերում, ամբիոնի վարիչի, դեկանի ընտրության ընթացակարգերում փոփոխություններ կատարելուն։ Ուժը կորցրած ճանաչվեցին առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգերը, հաստատվեցին նորերը։ Գիտական խորհուրդը հաստատեց նաև գործունեությունից և ռեսուրսային ապահովվածությունից ներքին և արտաքին շահակիցների բավարարվածության և կարիքների գնահատման հարցումների ընթացակարգը, ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առկա ուսուցմամբ բակալավրի, առկա մագիստրատուրայի, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի հայտերը, որոնք պետք է ԿԳՄՍՆ ներկայացվեն մինչև նոյեմբերի 20-ը։

Գիտական խորհուրդը վերանայեց դրամաշնորհային հիմունքներով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեման՝ հաստատելով «1988-1992 թթ․ Ադրբեջանից տեղահանված հայերի տնտեսական վնասները» վերնագիրը, հրատարակության երաշխավորեց ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանի, դոցենտ, տ․գ․թ․ Ալվարդ Սարգսյանի, ավագ դասախոս Նելլի Օգանեզովայի, դոցենտներ, տ․գ․թ․ Նարինե Մարտիրոսյանի, Թեհմինե Ստեփանյանի «Հաշվապահական հաշվառում. թեստեր և խնդիրներ» ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչպես նաև ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․ դ․ Աշոտ Մաթևոսյանի, տ․գ․թ․ Սրբուհի Իսրայելյանի, դոցենտներ, տ․գ․թ․ Մարե Խաչատրյանի, Էդգար Աղաբեկյանի, տ․գ․թ․ Լիլիթ Հովականյանի, Մանե Մաթևոսյանի «Կորպորատիվ ֆինանսների ներածություն» դասախոսությունների նյութերը։