ՀՊՏՀ ամբիոնները շարունակում են գիտահետազոտական թեմաների ներկայացումը. այսօր հանդես եկավ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը

Դիտումների քանակ՝ 1741

Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են ամբիոնային գիտահետազոտական թեմաների շուրջ հաշվետվությունների շնորհանդեսներն ու թեմատիկ քննարկումները: Այսօր հանդես եկավ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը, մասնակցում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ:

Ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հանդես եկավ «Տնտեսական ցուցանիշների գնահատման հնարավորությունները անորոշության պայմաններում» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով նաև իր հեղինակային գրքում ամփոփված մոտեցումները: Ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց «ՀՀ բնակչության եկամուտների բաշխման մոդելավորման հիմնահարցեր» թեման, տ.գ.թ. Կարինե Հարությունյանը՝ «Բյուջետային գործընթացի բարեփոխումների մոդելը», տ.գ.թ., ասիստենտ Աղասի Թավադյանը՝ «ՀՀ փոխարժեքի համեմատական վերլուծությունը և սցենարային կանխատեսումները» թեման:

Ելույթներից հետո ծավալվեց քննարկում: Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը նախ նշեց, որ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը բավական ակտիվ է աշխատում և կրթական ծրագրերի համար նոր մոտեցումներ է առաջարկել, ապա հավելեց, որ տնտեսամաթեմատիկական մոդելները այնպիսի ուղղություն է, որը կարող է դառնալ միջգիտակարգային աշխատանքի արդյունք՝ իր շուրջ համախմբելով տարբեր ամբիոնների: Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը նախ կարևորեց ամբիոնային թեմաների ներկայացման առկա ձևաչափը՝ նշելով, որ այն կայանում է, ապա բարձր գնահատեց պրոֆեսոր Թավադյանի գիտական գործունեությունն՝ ընդգծելով, որ նա շարունակում է արդյունավետ աշխատանքը: Միքայել Մելքումյանն առաջարկեց միջամբիոնային հետազոտություն իրականացնել ներդրումային քաղաքականության թեմայի շուրջ:

Հնչեցած մյուս ելույթների շուրջ ևս ներկաները հանդես եկան առաջարկներով, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ամփոփելով ելույթներն ու մտքերը, նշեց, որ նպատակ կա առաջիկայում փոխել ամբիոնային գիտական թեմաների ընտրության և ներկայացման ձևաչափը, մասնավորապես, ամբիոնային հետազոտական թեմաները պետք է բխեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից և արտահայտեն հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, իսկ իրականացված հետազոտություններն ու դրանց ներկայացումը պետք է բխի ամբիոնային հետազոտական թեմաների ուղղություններից և պարունակեն կոնկրետ, հասցեական կիրառական առաջարկություններ: «Հետազոտությունների նկատմամբ պարտադիր կլինի ընթացիկ տարվա ընթացքում հրապարակված կամ հրապարակման ենթակա լինելու պահանջը: Բացի այդ, կներդրվեն մոտեցումներ, որոնք կխրախուսեն դասախոսների գիտահետազոտական գործունեությունը»,- ասաց պրոռեկտորը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին