Ամբիոնների վարիչների ընտրություն, կրթական ծրագրերի հաստատում և մի շարք այլ հարցեր՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի տարեսկզբյան նիստում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2009

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի նախագահությամբ: Բացելով նիստը՝ բուհի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ 2020 թվականը Տնտեսագիտական համալսարանի համար կլինի ոչ միայն հոբելյանական, այլև բարեփոխումների և առաջընթացի տարի, որում յուրաքանչյուր աշխատակից կունենա իր ներդրումը: Բուհի ղեկավարը գիտխորհրդի անդամներին նաև հաղորդեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվել է Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի 2019 թ. վարկանիշավորման զեկույցում՝ ոչ միայն պահպանելով, այլև երկու դասակարգումներից մեկում բարելավելով դիրքերը: Դիանա Գալոյանը շնորհավորեց հետազոտական կենտրոնի աշխատակազմին այս ձեռքբերման համար և մաղթեց հետագա հաջողություններ:

Օրակարգային հարցերի քննարկումը բացելով՝ Դիանա Գալոյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց:

Մագիստրոսական կրթական ծրագրերի հաստատման մասին, մինչ զեկուցումը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ պատրաստվում են այսօրվա նիստից հետո մի շարք կրթական ծրագրեր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ լիցենզավորման համար: Դրանց շարքում են, ինչպես նշեց ռեկտորի պաշտոնակատարը, անցած կիսամյակում մի շարք գործատուների հետ համատեղ հուշագրերի կնքմամբ նախատեսված մագիստրոսական ծրագրերը:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, զեկուցելով հարցը, նշեց, որ լիցենզավորման է ներկայացվելու 17 մագիստրոսական կրթական ծրագիր, որոնց շարքում կան նաև լրիվ նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ: Կրթական ծրագրերը տարբեր ոլորտների համար են՝ սկսած մարդկային ռեսուրսների կառավարումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում և այլ: Գիտխորհուրդը կողմ քվեարկեց ներկայացված ծրագրերը լիցենզավորման ներկայացնելուն:

«Ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.12.2019, N 212 (7196)) հարցը ներկայացրեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և խոսքը տրամադրեց գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանին: Նա ներկայացրեց, որ 4 ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար դիմել են 4 թեկնածուներ՝ գործող պաշտոնակատարները, բոլորը համապատասխանում են ՀՊՏՀ-ում ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի չափանիշներին, ապա մանրամասն ներկայացրեց բոլոր թեկնածուներին՝ ընդգծելով, որ նրանց թեկնածությունները երաշխավորվել են ամբիոններում, ինչպես նաև մրցութային հանձնաժողովում: Ամբիոնային նիստերին, Արամ Սարգսյանի հաղորդմամբ, մասնակցել են նաև ռեկտորի պաշտոնակատարն ու ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, ինչը, զեկուցողի խոսքով, գովելի մոտեցում է: Դիանա Գալոյանն էլ ընդգծեց, որ թեկնածուները բավական արդյունավետ, պարտաճանաչ և նվիրումով են աշխատել անցած շրջանում, նրանց սիրում և գնահատում են ամբիոնային կոլեկտիվներում: Գիտխորհրդի փակ, գաղտնի քվեարկությամբ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ մանկ.գ.թ., դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ պաշտոնում՝ տ.գ.թ., դոցենտ Վադիմ Գրիգորյանը, լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնում՝ բ.գ.դ., դոցենտ՝ Լուսինե Հարությունյանը: Գիտխորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր վարիչներին և մաղթեցին արգասաբեր գործունեություն:

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի»՝ ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի հայտերը երաշխավորելու մասին» հարցը: Պրոռեկտորը նշեց, որ ծրագրին դիմելու համար ներկայացվել է 4 հայտ՝ «Քաղաքական ինստիտուտները և տնտեսական զարգացման որակն ու գերակայությունները ՀՀ-ում» (ծրագրի գիտական ղեկավար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր, «ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ» Յուրի Միքայելի Սուվարյան), «Պետական փոխառու միջոցների ներգրավման միջոցով տնտեսական զարգացում ապահովելու հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի գիտական ղեկավար` մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Համլետի Գրիգորյան), «Հայաստանի Հանրապետության ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը և զարգացումը հիմնարար տեխնոլոգիական փոխակերպման պայմաններում» (ծրագրի գիտական ղեկավար` «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Շավարշի Մարգարյան), «ՀՀ լոգիստիկ հիմնախնդիրները ԵԱՏՄ անդամակցության պայմաններում» (ծրագրի գիտական ղեկավար` տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Արշամի Նազարյան): Ներկայացված հայտերը հաստատվեցին:

Գիտության գծով պրոռեկտորն այնուհետև զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին՝ նշելով, որ դրանք նախապես քննարկվել են գիտական խորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողովում: Գիտխորհուրդը հարցը հաստատեց, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, փ.գ.թ., դոցենտ Յուրի Հմայակի Հովականյանի «Ժամանակակից փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկը և «Նորարարական կրթական տեխնոլոգիաները և տարածքային զարգացումը ՀՀ-ում» խորագրով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 2018 թ. գիտաժողովի նյութերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին