Գիտելիքի օրը ՀՊՏՀ-ում

01.09.2021
Դիտումների քանակ՝ 1546

Տնտեսագիտական մայր բուհն այս տարի իր հարկի տակ հյուրընկալեց շուրջ 1100 առաջին կուրսեցիների, որոնք կուսանեն համալսարանի վեց ֆակուլտետներում։ Նույնիսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները չխանգարեցին, որ ուսանողների մուտքը համալսարան տեղի ունենա մեծ հանդիսավորությամբ, և ուսանողական կյանքի առաջին օրը մեր նորաթուխ համալսարանականների համար նշանավոր ու հույզերով լեցուն լինի։

Առաջին կուրսեցիներին բուհի դարպասների մոտ դիմավորեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները։ Իրենց ֆակուլտետների ներկայացուցիչներին առաջին կուրսեցիները գտան ըստ շապիկների գույների։

Ի սկզբանե որոշված էին նաև համալսարան մտնելու մուտքերը։ Նախատեսված մուտքերով բուհ մուտք գործած ուսանողներին ուսխորհրդականներն ուղեկցեցին նաև լսարաններ, որտեղ արդեն նրանց դիմավորեցին դասախոսներն ու դեկանները։

Բակում ուսանողներին ողջունելուց հետո ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ու բուհի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը մեկ առ մեկ շրջեցին ֆակուլտետներում՝ ողջունելով առաջին կուրսեցիների մուտքը համալսարան և շնորհավորելով նրանց Գիտելիքի օրվա և տնտեսագիտական բուհի սան դառնալու կապակցությամբ։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս դպրության օրվա առիթով և ցանկանում, որ այս նոր մեկնարկը նոր ձեռքբերումների ու նվաճումների սկիզբ դառնա»,- իր խոսքում նշեց Դ․ Գալոյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին բուհում էական փոփոխություններ են տեղի ունենում՝ հօգուտ ուսանողների:

«Բուհը ձեզ բազում հնարավորություններ է տալու՝ թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ կրթության առումով։ Օգտվե՛ք այդ հնարավորություններից, վերցրե՛ք բուհից առավելագույնը ու սովորե՛ք, լա՛վ սովորեք, ձեզնից միայն դա է պահանջվում։ Դուք պետք է համալսարանն ավարտեք լավ մասնագետ դարձած, որովհետև հետագայում, երբ դուրս գաք աշխատաշուկա, հենց դո՛ւք եք լինելու մեր դեմքը Հայաստանի տնտեսության մեջ։ Ուզում եմ հետագայում հպարտանալ ձեզնից յուրաքանչյուրով»,- նշեց Դ․ Գալոյանը։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանն էլ իր հերթին խոստացավ, որ առաջիկա չորս տարիները ամենահիշարժանն են լինելու համալսարանականների կյանքում։

Մեզ հետ զրույցում նորաթուխ ուսանողները նշեցին, որ որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է տնտեսագիտականի ուսանող լինելը և առաջիկա տարիներին կանեն հնարավորը՝ բուհի պատիվը բարձր պահելու համար։

Դե ինչ, շնորհավորում ենք բոլորիս և հատկապես առաջին անգամ բուհ ոտք դնող մեր երիտասարդներին` նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում, որ մշտապես ցուցաբերեն բարձր առաջադիմություն և գերազանց պատրաստվածություն, քանզի կրթությունն է, որ ապահովելու է մեր անձնական ու նաև մեր երկրի բարօրությունը։

Շնորհավո՛ր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին