ԱԻ աշխատակցի օրվան նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժանք ՀՊՏՀ-ում

06.09.2021
Դիտումների քանակ՝ 2025

Ինչպե՞ս կազմակերպել ուսանողների և անձնակազմի պաշտպանությունը համալսարանում, եթե հրդեհ է բռնկվել։ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում գիտեն հարցի պատասխանը։ Հրդեհային իրավիճակներում տարհանման միջոցառումների և իրականացվող գործողությունների մասին այսօր իրազեկվեցին ու դրանց անմիջական մասնակիցը դարձան նաև ուսանողները, կազմավորումներն ու համալսարանի աշխատակիցները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8 փրկարարական ջոկատի հետ համատեղ կազմակերպված «Հրդեհի դեպքում ուսանողների և անձնակազմի պաշտպանությունը» թեմայով վարժանքի նպատակը վերջիններիս իրազեկման, պատրաստվածության և գործնական հմտությունների զարգացումն էր։

Միջոցառումն անցկացվեց երեք փուլով։ Նախ ազդարարվեց, որ հրդեհ է բռնկվել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 308 լսարանում։ Հասարակական խմբի ղեկավար Վահե Ավետիսյանը բարձրախոսով ազդարարեց, որ մասնաշենքում գտնվող բոլոր ուսանողները պետք է տարհանվեն։ Հրդեհի բռնկման մասին ազդարարումից հետո սկսվեց մասնաշենքի անձնակազմի տարհանումը, ապա դուրս բերվեցին այրվածք և կոտրվածք ստացած երկու վիրավորները, որոնց տեղում առաջին բժշկական օգնություն ցուցաբերեց առաջին բուժօգնության ջոկատը։ Ղեկավար Նեդա Պետրոսյանն ու բուժօգնության ջոկատը բավական դիտարժան կերպով ցուցադրեցին, թե ինչպես պետք է վարվել տուժողներին առաջին օգնություն ցուցաբերելիս, իսկ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ասիստենտ Անի Տերտերյանը ապահովել էր կոտրվածքների և այրվածքների ցուցադրումը։ Այս ամենին զուգահեռ համալսարան ժամանեցին ՀՀ ԱԻՆ 2 մարտական հաշվարկները։ Հմուտ փրկարարների օգնությամբ շենքի 3-րդ հարկից դուրս հանվեց լսարանում ծխածածկույթի հետևանքով թունավորված ուսանողուհին, իսկ այրվածքներ ստացած ուսանողին հրշեջները պատգարակով դուրս բերեցին շենքից։ Ապա փրկարարներն անցան հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։

Ուսումնավարժանքի ավարտին կազմակերպիչներն ամփոփեցին արդյունքները։ ԱԻՆ Փրկարարական վարչության ներկայացուցիչ Արտյոմ Վելյանը խոսեց բացթողումների և վրիպումների մասին, որոնք հիմնականում վերաբերում էին մարդկանց տարհանման կազմակերպմանը։ Շնորհավորելով ԱԻ աշխատակցի օրը՝ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Սիրանուշ Հարությունյանը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՓՎ Կենտրոն բաժնի համար 8 փրկարարական ջոկատին և մարտական հաշվարկի աշխատակիցներին (հրամանատարի տեղակալ՝ Էմիլ Գաբրիելյան), ինչպես նաև Փրկարարական վարչության կողմից գործուղված աշխատակից Արտյոմ Վելյանին։ Նա նշեց, որ նմանատիպ վարժանքները կարևորվում են ուսանողների և կազմավորումների գործնական հմտությունները բարձրացնելու, ինչպես նաև փրկարարական, տարհանման, հետախուզական, հրդեհաշիջման և առաջին բուժօգնությունը ցուցաբերելու գործողություններն ավելի համակարգված դարձնելու համար։ Տիկին Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նաև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Սյուզաննա Թութունջյանին, Միլենա Կարապետյանին, Սվետլանա Առաքելյանին, Մելինե Դանիելյանին, Սոնա Գևորգյանին, Էլեն նազլուխյանին, Մարիամ Մուրադյանին և կառավարման ֆակուլտետի ուսանող Գայանե Հակոբյանին։

Ընդհանուր առմամբ, ուսումնավարժանքին մասնակցություն ցուցաբերեց և տարհանման աշխատանքներին ներգրավվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուրջ 200 ուսանող, համալսարանի ուսանողության և աշխատակիցների մի ստվար հատված էլ բակում հետևում էր վարժանքներին։

ՀՊՏՀ մարքեթինգինի և հասարակայնության հետ կապերի բաժին