ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է․ պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները (ֆոտոռեպորտաժ)

08.09.2021
Դիտումների քանակ՝ 1330

Սեպտեմբերի 1-ից մեկնարկած ուսումնական գործընթացը ՀՊՏՀ-ում շարունակվում է։ Ինչպես հայտնի է, բուհի վեց ֆակուլտետներում 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում դասերը կազմակերպվում են առկա ձևաչափով,  ուսանողները համալսարան են հաճախում երեք հերթով՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումներն ու դիմակ կրելու պարտադրանքը, իհարկե, որոշակի դժվարություններ են ստեղծում, ինչին, սակայն, բուհի թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները ըմբռնումով են մոտենում․ առցանց ռեժիմով սովորելու և աշխատելու հեռանկարը գրավիչ չէ։

Մեր նկարահանող խումբը շրջեց համալսարանում, զրուցեց ուսանողների հետ։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ֆրունզե Լալայանին հանդիպեցինք գրադարանում։ Ֆրունզեի սպասելիքները բուհից արդարացել են․ հենց այսպիսին էլ պատկերացնում էր իր երազած համալսարանը։ Ուսումնական գործընթացը բուհում, Ֆրունզեի խոսքով, անչափ հետաքրքիր է։ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն էլ ընտրել է, քանի որ հետաքրքրվում է տնտեսագիտությամբ և ապագայում ցանկանում է սեփական բիզնեսն ունենալ։

«Նպատակներս շատ մեծ են ապագայի հետ կապված։ Մարքեթինգն ուսումնասիրել եմ նաև մինչև այստեղ ընդունվելս։ Հուսով եմ՝ բուհը դեռ շատ բան կտա ինձ, դե, իսկ ես էլ հետագայում շատ բան կտամ ոլորտին»,- անկեղծացավ Ֆրունզեն։

Կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Ժակլինա Ղազարյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ամռան արձակուրդից և երկար ժամանակ տանը մնալուց հետո մի քիչ դժվար է դասապրոցեսին ներգրավվելը։ «Դեռևս հարմարվում եմ, բայց գիտակցում եմ, որ չորրորդ կուրս եմ, պատասխանատու տարի է առջևում և պետք է կենտրոնանամ անելիքներիս վրա»,- խոստովանեց Ժակլինան։

Նույն կուրսի ուսանողուհի Թագուհի Մատինյանի համար համավարակով պայմանավորված սահմանափակումներն ու ստեղծված իրավիճակը խոչընդոտ չեն սովորելու համար․ «Ես արդեն լիովին ներգրավվել եմ դասապրոցեսին։ Չորրորդ կուրսում մենք մասնագիտական շատ առարկաներ ենք անցնում, ինչն անչափ հետաքրքրիր է դարձնում ուսման գործընթացը։ Սա պատասխանատու տարի է մեզ համար։ Հուսով ենք՝ պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու բուհը կավարտենք լավ ցուցանիշներով»։

Դե ինչ, նոր ուսումնական տարում հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ուսանողներին և հիշեցնում, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին