Հանուն ուսանողական սպորտի զարգացման. ՀՊՏՀ-ում կայացան ՀՈՒՄՖ 25-ամյակին նվիրված միջոցառումներ

Դիտումների քանակ՝ 1492

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան (ՀՈՒՄՖ) իր գործունեության ընթացքում մարզական իրադարձությունների շուրջը համախմբել է հայաստանյան բուհերի ուսանողությանը, խրախուսել ու ոգեշնչել ուսանող-մարզիկներին, քարոզել առողջ ապրելակերպ: Այս տարի նշվում է ֆեդերացիայի 25-ամյակը, ինչը նշանավորվում է տարբեր միջոցառումներով:

Ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՊՏՀ լավագույն գործընկերներից է և պատահական չէ, որ ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովը և արտահերթ ընդհանուր ժողովը այսօր տեղի ունեցան մեր համալսարանում:

Մինչ դահլիճում կմեկնարկեր միջոցառումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն իր աշխատասենյակում ընդունեց Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: Նրանց ուղեկցում էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը և ֆեդերացիայի ուսանողական կոմիտեի անդամ Գրիշա Ամիրխանյանը:

Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեց հյուրերին, ապա անդրադարձավ ՀՊՏՀ մարզական հաջողություններին՝ ընդգծելով վերջին տարիներին հատկապես ֆուտզալում և շախմատում ունեցած հաջողությունները: Ֆեդերացիայի տարեդարձի առթիվ միջոցառումները հյուրընկալելու համար Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարին:

Ողջունելով հյուրերին՝ Դիանա Գալոյանն իր ուրախությունը հայտնեց Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավար կազմին ՀՊՏՀ-ում ընդունելու կապակցությամբ, ապա նշեց, որ մեր համալսարանի կյանքում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի դերը մեծ է: «ՀՊՏՀ բազում աշխատակիցներ և ուսանողներ ներգրավված են մարզական միջոցառումներում, մասնակցում են տարբեր մրցույթների՝ բարձր պահելով մեր բուհի հեղինակությունը: Մեր համալսարանի մարզական հաջողություններում մեծ է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի դերը, ուստի ուրախալի է ֆեդարացիայի 25-ամյակի շրջանակներում հյուրընկալել ձեզ մեր բուհում»,-նշեց ռեկտորի պաշտոնակատարը՝ ընդգծելով Հովհաննես Գաբրիելյանի գործունեության կարևորությունը ՀՊՏՀ սպորտի զարգացման գործում:

Ադամ Ռոշեկն իր հերթին շնորհակալություն հայտնեց Դիանա Գալոյանին հյուրընկալության, միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար, ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը, ծրագրված միջոցառումները՝ ընդգծելով, որ այն ոչ միայն մարզական կազմակերպություն է, այլև աշխարհի տարբեր երկրների ուսանող-մարզիկներին համախմբելու հիանալի հարթակ: Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկը, միանալով ՀՊՏՀ ղեկավարին ուղղված շնորհակալական խոսքին, նշեց, որ Երևանում եղել է նաև 6 տարի առաջ, տպավորությունները մեծ են մեր հյուրընկալ ժողովրդից, մշակութային հարուստ ժառանգությամբ մեր երկրից:

Այնուհետև մեծ դահլիճում, պատվավոր հյուրերի, ուսանողների, մարզասերների մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովն և արտահերթ ընդհանուր ժողովը:

Հովհաննես Գաբրիելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ապա խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին: Բուհի ղեկավարը, շնորհավորելով ֆեդերացիայի հոբելյանը, նշեց, որ ՀՊՏՀ-ում ֆիզիկական կուլտուրան և սպորտը առանձնահատուկ են կարևորվում և դրա վառ ապացույցը բուհական, միջազգային և հանրապետական առաջնություններում մեր ուսանող-մարզիկների նշանակալից հաջողություններն են: «Հարկ է փաստել, որ մեր ջանքերը, ուսանողների ներգրավվածությունը զանազան միջոցառումներում ամբողջանում և իրականանում են ուսանողական մարզական ֆեդերացիայի գործունեության հովանու ներքո: Վստահ եմ՝ հետայսու էլ ուսանողական մարզական ֆեդերացիան շարունակելու է իր առաքելությունը՝ հանուն մեր ուսանողների, մեր պետության մարզական հաջողությունների»,- ասաց Դիանա Գալոյանը՝ բարի երթ մաղթելով հավաքի մասնակիցներին:

Հաջորդիվ զեկուցումներ հնչեցին, որոնցում արծարծվում էին համալսարանական սպորտի զարգացման հարցերը: Հովհաննես Գաբրիելյանն ընթերցեց ՀՊՏՀ պատվավոր պրոֆեսոր, մանկ. գիտ. թեկնածու Լյովա Սամվելյանի «Պատմական ակնարկ և հնի նորովի արժևորումը» հոդվածը: Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Միքայելյանը ունկնդիրների ուշադրությանը ներկայացրեց «ՀՀ-ում ուսանողական դահուկային սպորտի զարգացման հեռանկարները» թեման, Գրիշա Ամիրխանյանը խոսեց ՀՈւՄՖ՝ միջազգային հարթակներում արձանագրած ձեռքբերումների մասին, Հովհաննես Գաբրիելյանը հանդես եկավ «Համալսարանական սպորտը Հայաստանում 2009-2019թթ.» զեկուցմամբ:

Հոբելյանական միջոցառումը շարունակվեց պարգևատրմամբ: Խորհրդանշական մրցանակներ հանձնվեցին Հայաստանի ուսանողական սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած անձանց՝ բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչների, դասախոսների, մարզիչների, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների:

ՀՈւՄՖ արտահերթ ներկայացուցչական ընդհանուր ժողովն ավարտվեց ՀԿ նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հրաժարականի քննարկմամբ և նոր նախագահի ընտրությամբ:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նոր նախագահը Հովհաննես Գաբրիելյանն է, որն ընտրվեց միաձայն քվեարկության արդյունքում:

Շնորհավորում ենք Հովհաննես Գաբրիելյանին, ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին