ՀՊՏՀ-ն դիրքավորվում է վերապատրաստման ծրագրերի իրականացման ծառայությունների շուկայում. մեկնարկը տրվեց

Դիտումների քանակ՝ 3008

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր մեկնարկեց մեր համալսարանի կողմից կազմակերպված առաջին վերապատրաստման կարճաժամկետ վճարովի դասընթացը, որին մասնակցելու համար դիմել է 20 հոգի՝ ոչ միայն ՀՊՏՀ-ից, այլև՝ պետական և մասնավոր հատվածներից:  Դասընթացը «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» թեմայով է, ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր: Դասընթացը ունկնդիրների համար վարելու է աշխատանքային օրենսդրության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու և իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Մեկնարկային հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Ողջունելով հյուրերին՝ Աղավնի Հակոբյանը ներկայացրեց նախաձեռնությունը, կազմակերպական մանրամասներ և աջակցության համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը:

«Մենք փորձում ենք դիրքավորվել վերապատրաստման կարճաժամկետ դասընթացների ծառայությունների ոլորտում և կազմակերպել այնպիսի դասընթացներ, որոնք նպատակ ունեն զարգացնել համալսարանի աշխատակիցների գործնական հմտությունները, բարձրացնել մասնագիտական որակները, ապահովել օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ իրազեկվածությունը, հաղորդել աշխատաշուկայի  պահանջներին համապատասխան պրակտիկ հմտություններ, ինչպես նաև նպաստել համալսարանի ֆինանսների դիվերսիֆիկացմանը»,- նշեց Աղավնի Հակոբյանը՝ հավելելով, որ դասընթացները վարելու են ոչ միայն ՀՊՏՀ դասախոսները, այլև բուհի գործընկեր տարբեր կազմակերպությունների փորձառու մասնագետներ: «Ընդ որում, թեև թիրախում ՀՊՏՀ-ականներն են, սակայն համալսարանը նպատակ ունի ծառայությունները հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին»,- ասաց Աղավնի Հակոբյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, հույս հայտնեց, որ կարճ ժամանակում ՀՊՏՀ վերապատրաստման դասընթացները կշարժեն հանրության լայն շերտերի հետաքրքրությունը: Բուհի ղեկավարի խոսքով՝ արդի աշխարհում առանց շարունակական կրթության և վերապատրաստումների մասնագետները չեն կարող մրցունակ լինել և միակ ճանապարհը անընդհատ կրթվելը և զարգանալն է: Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ դեպարտամենտին և բաժնին, ինչպես նաև դասընթացավար Թադևոս Ավետիսյանին՝ ընդգծելով նրա մասնագիտական բարձր պատրաստվածության հանգամանքը:

Դասընթացավար Թադևոս Ավետիսյանն նշեց, որ իր համար մեծ պատիվ է հարազատ համալսարանում նման դասընթաց անցկացնելը, ապա խոստացավ՝ թեմայի շուրջ մասնակիցներին հուզող որևէ հարց անպատասխան չի մնա:

Հիշեցնենք, որ դասընթացը բաղկացած է 12 հանդիպումից, 1 հանդիպումը՝ 2 ժամ տևողությամբ: ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին մասնակցում են 30%, իսկ շրջանավարտները՝ 10% զեղչով: Այսօր մեկնարկած դասընթացի ծրագիրը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին