Ուսանողների դիմումներին պետք է տրվի հնարավորինս արագ և պատշաճ լուծում. Դիանա Գալոյան

Դիտումների քանակ՝ 1962

«Ուսանողների բարձրացրած բոլոր խնդիրները պետք է պատշաճ լուծվեն այն օրենքների և հնարավորությունների սահմաններում, որոնք առկա են»,- այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով ուսումնական-կազմակերպական խնդիրների կարգավորման հարցերին: Բուհի ղեկավարն ընդգծեց և դեկաններին հորդորեց ավելի ուշադիր լինել ուսանողներին հուզող հարցերի նկատմամբ, նրանց ներկայացրած դիմումներին տեղում, օպերատիվ կերպով լուծում տալ, եթե կա դրա հնարավորությունը, որպեսզի ուսանողները հնարավորինս զերծ մնան քաշքշուկներից:

«Չնայած գերզբաղվածությանը՝ ես ինքս ամեն օր ընդունում եմ բազում ուսանողների և լսում նրանց, պարզաբանում խնդիրները, փորձում ընթացք տալ նրանց դիմումներին օրենքի շրջանակներում: Նույնը ձեզ եմ հորդորում, օգնեք ուսանողներին, եթե նրանց խնդիրները լուծելու թեկուզ մի փոքր հնարավորություն կա»,- ասաց Դիանա Գալոյանը:

Այնուհետև ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին: Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ բուհի ղեկավարին ուղղված ուսանողների դիմումներին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նախատեսում է սկսել կարճաժամկետ վճարովի դասընթացներ, և այս համատեքստում բուհի արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը դիմել է ռեկտորատին՝ որոշակի զեղչեր տրամադրելու խնդրանքով: Ռեկտորատը որոշեց կարճաժամկետ վճարովի դասընթացների մասնակից ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար սահմանել 30, իսկ շրջանավարտների համար՝ 10 տոկոս զեղչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին