«Երևակ» կրթահամալիրի սաները հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում. նպատակը մասնագիտական կողմնորոշումն է (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1967

ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը, արձագանքելով «Երևակ» կրթահամալիրի սաների ցանկությանը, այսօր մեր համալսարանում կազմակերպեց կրթահամալիրի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների հյուրընկալությունը:

Սաներին համալսարանի մուտքի մոտ դիմավորեց և ողջունեց ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը, ապա կրթահամալիրի սաների հետ հանդիպեցին նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, ՀՊՏՀ աշխատակիցներ:

«Սիրելի աշակերտներ, Տնտեսագիտական համալսարանն այժմ բարեփոխումների ակտիվ փուլում է, և գրեթե ամեն օր մենք իրականացնում ենք փոփոխություններ և ներկայացնում մեր շահառուներին»,- ողջունելով կրթահամալիրի սաներին՝ ասաց ՀՊՏՀ ղեկավարը՝ ընդգծելով, որ մեր համալսարանը դիմորդներին ցանկանում է գրավել ոչ թե գրավիչ կոչերով, այլ իրական և որակյալ առաջարկներով: Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ում ներդրվում են նոր մասնագիտություններ, ստեղծվում են ուսանողների առաջընթացի լավ պայմաններ, օրակարգում են զարգացման մի շարք նախագծեր, որոնց իրագործման արդյունքում ՀՊՏՀ-ն հավակնում է մի քանի տարում դառնալ տարածաշրջանի հեղինակավոր բուհերից մեկը: Բուհի ղեկավարը աշակերտների հետ խոսեց տնտեսագիտություն մասնագիտության մասին՝ ընդգծելով, որ մասնագիտության մասին պատկերացումը մեծապես կօգնի աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

Այնուհետև ուսանողներին դիմեց արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը՝ հետաքրքրվելով, թե ուսանողները ինչն են կարևորում մասնագիտություն ընտրելիս, ապա խորհուրդ տվեց՝ ինչ համալսարան էլ ընտրեք, ուշադիր եղեք, թե այն ինչպես է հարաբերվում արտաքին աշխարհի հետ, ինչ միջազգային ծրագրեր ունի:

Կրթահամալիրի աշակերտական խմբի ղեկավար Շուշանիկ Աբովյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ մասնագիտական կողմնորոշման այցերի շրջանակներում իրենք արդեն այցելել են երկու բուհ, իսկ այժմ հետաքրքրված են Տնտեսագիտական համալսարանով:

ՀՊՏՀ մեր գործընկերները աշակերտներին ուղեկցեցին նաև ՀՊՏՀ գրադարան, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, միջազգային ծրագրերի կենտրոն, ծանոթացրեցին համալսարանի ենթակառուցվածքներին: Միջազգային ծրագրերի կենտրոնում «Ուսանողական աշխատանքի»-ի շրջանակներում մեր համալսարան աշխատանքի ընդունված Քրիստինե Թաթոսյանը աշակերտներին պատմեց ՀՊՏՀ-ում աշխատանքային հեռանկարների մասին: Այնուհետև ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը հյուրերին նվիրեց ՀՊՏՀ բրենդային գույներով և պատկերանշանով տպագրված օրացույցներ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիլիթ Գյուլգյուլյանը նշեց, որ նախաձեռնությունը կրթահամալիրի սաների կողմից էր, ինչին իրենց բաժինը արձագանքել է սիրով: «ՀՊՏՀ-ն ներկա փոփոխությունների շրջանում սերտացնում է իր համագործակցային կապերը արտաքին աշխարհի հետ, և այս հանդիպումն էլ այդ համատեքստում պետք է դիտարկել, հատկապես, որ խոսքը վերաբերում է մեր հիմնական շահառուներին, ապագա դիմորդներին»,- նշեց Լիլիթ Գյուլգյուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին