ՀՊՏՀ-ում էր Չեխիայի դեսպանը․ քննարկվել են բուհական համագործակցության խթանման հարցեր

20.04.2023
Դիտումների քանակ՝ 996

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Պետր Պիրունչիկին և փոխդեսպան Սաբինա Նովակովային այսօր Տնտեսագիտական մայր բուհում հյուրընկալեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը։ Հանդիպման օրակարգում բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրների համալսարանների միջև կապերի խթանման և համատեղ նախագծերի իրականացման հարցեր էին։

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Դիանա Գալոյանն անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանի գործունեությանը, ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն մրցունակ և կրթության ոլորտի նորագույն մարտահրավերներին դինամիկ արձագանքող համալսարան է, և հենց այստեղ են պատրաստվում ՀՀ տնտեսագիտության ոլորտի լավագույն մասնագետները։

«Համալսարանի ներուժը, բազմափորձ ու հմուտ ակադեմիական կազմը թույլ են տալիս մեզ կրթական գործի կազմակերպման բարձր նշաձող սահմանել, կրթել ու ձևավորել տնտեսագետների այնպիսի սերունդներ, որոնք վստահ և հաստատակամ կստանձնեն առկա տնտեսական մարտահրավերներին դիմագրավելու պատասխանատվությունը»,- ասաց ռեկտորը՝ շեշտելով, որ կրթության որակի բարելավման հարցերը մշտապես բուհի ղեկավարության ուշադրության առանցքում են։ Պետր Պիրունչիկին ռեկտորը ներկայացրեց նաև բուհի ծավալած գիտական և հետազոտական ակտիվ գործունեությունը, միջազգային բազում նախագծերում ներգրավվածությունն ու վարկանշավորման աղյուսակներում ընդգրկվածությունը։

Դեսպանն իր հերթին ընդգծեց, որ պատրաստ է աջակցել ՀՊՏՀ-ին՝ համագործակցելու Չեխիայի տնտեսագիտական բուհերի հետ, գտնելու գործընկերներ։ «Մենք ընդհանուր շահեր ունենք՝ միջազգային շարժունության ծրագրերում երկու երկրների բուհերի համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։ Իմ այցը Տնտեսագիտական համալսարան նաև նպատակ ունի որոշակիացնելու հայկական ու չեխական բուհերի համագործակցության խթանման նախապայմանները»,- ասաց դեսպանը։

Արդյունավետ քննարկումների ընթացքում կողմերը դիտարկեցին համագործակցության ընդհանուր ոլորտներն ու համատեղ հետազոտությունների հնարավորությունները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում։