ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Անցումային տնտեսագիտության մարտահրավերները» խորագրով երկրորդ միջազգային ամառային դպրոցը

Դիտումների քանակ՝ 2886

Հայաստանի տնտեսագիտական մայր բուհում հուլիսի 15-19-ը կքննարկվեն տնտեսագիտության տեսությանն առնչվող ժամանակակից հարցեր. այսօր վաղ առավոտից մեկնարկել է «Անցումային տնտեսագիտության մարտահրավերները» («Challenges for Emerging Economy II») խորագրով երկրորդ միջազգային ամառային դպրոցը: Այն նպատակ ունի համախմբելու տարբեր երկրների երիտասարդներին՝ խթանելով միջազգային կրթական, հետազոտական, մասնագիտական կապերի զարգացումը, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ գիտնականներին ու հետազոտողներին ներկայացնելու տնտեսագիտական մի շարք հարցերի շուրջ գիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդները: Միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, նշված բուհի տնտեսագիտության ֆակուլտետը, Լյուքսեմբուրգի համալսարանը և ՀՊՏՀ-ն: Մասնակցում են տարբեր երկրներից ժամանած բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, շրջանավարտներ ու դասախոսներ, այդ թվում՝ ՀՊՏՀ-ից: Այս օրերին դասախոսություններով հանդես են գալու «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի», Լյուքսեմբուրգի համալսարանի երիտասարդ գիտնականները:

Ամառային դպրոցի մեկնարկն ազդարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ողջույնի խոսքում նա ընդգծեց, որ ներկայում մեր համալսարանը մեծածավալ բարեփոխումների փուլում է և այս համատեքստում գործուն քայլեր են արվում, որպեսզի այն տնտեսագիտական միտքը կուտակող, վերարտադրող, զարգացնող հարթակ դառնա և մեր երկրի տնտեսության առաջընթացում էական դերակատարություն ունենա:

«Մենք կարևորում ենք գիտելիքն ու հմտությունը, և մարդիկ, ովքեր իսկապես դրանց կրողն են, ցանկալի է, որ նաև փոխանցեն այն: Ուստի այս նախաձեռնությունը ողջունելի է, ակնկալում ենք արդյունավետ փոխգործակցություն»,-ասաց համալսարանի ղեկավարն ու անդրադարձավ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» հետ ՀՊՏՀ-ի խորացող համագործակցությանը, նշեց, որ այն տնտեսագիտական առաջանցիկ և ընդօրինակելի փորձ ունի:

Ռեկտորի ելույթին հաջորդեցին ամառային դպրոցի կազմակերպիչների ողջույնի խոսքերը, իսկ ծանոթությունից հետո, ըստ օրակարգի, մեկնարկեցին դասախոսությունները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դպրոցի կազմակերպական աշխատանքները համակարգող, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանն ասաց, որ ամառային դպրոցը հանգիստն ու մասնագիտական դասընթացը համատեղելու հիանալի հնարավորություն է երիտասարդ գիտնականների համար:

«Էկոնոմետրիկ մոդելների կիրառությանն առնչվող հարցերը կարևոր նշանակություն ունեն, և այս միջոցառմանն արծարծվող թեմաները հիմնականում դրան են վերաբերում: Մյուս կողմից, որպես տնտեսագիտական բուհ՝ մենք կարևորում ենք Ռուսաստանի առաջատար համալսարանի՝ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» հետազոտողների, գիտնականների հետ գործակցությունը, նրանց ակադեմիական փորձին հաղորդակցումը: Ուշագրավ է, որ բանախոսների շարքերում երիտասարդ ասպիրանտներ կան, որոնք համապատասխան թեմաներով գիտական հետազոտություններ են կատարում և գործնական փորձ ունեն, որոնք էլ կներկայացնեն մասնակիցներին»,-ասաց Պարույր Ջանգուլյանը:

Նշենք, որ ամառային դպրոցի աշխատանքը այս պահին շարունակվում է: Համակարգում է մեր համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Դպրոցի օրակարգը՝ այստեղ:

Արդյունքները կամփոփենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին