ՀՊՏՀ-ում կրկին ջերմ եռուզեռ է. մեկնարկել է «ՀՊՏՀ ամառային դպրոց–2024»-ը

24.07.2024
Դիտումների քանակ՝ 199

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրկին իր դռներն է բացել ապագա դիմորդների առջև։ Այսօր՝ հուլիսի 24-ին, մեկնարկեց «ՀՊՏՀ ամառային դպրոց–2024»-ը․ շուրջ 4 տասնյակ աշակերտներ իրենց ժամանակն արդյունավետ կերպով են անցկացնում ՀՊՏՀ ջերմ պատերի ներքո՝ բացահայտելով նորը, հետաքրքիրն ու կարևորը։

Այս տարի համալսարանը հյուրընկալել է Երևան քաղաքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին։

Ամառային դպրոց մուտքն ազդարարվեց ճանաչողական խաղով. «կոտրվեց սառույցը», և մասնակիցների ծանոթությունն ու շփումը դարձան էլ ավելի անմիջական։

Այնուհետև ամբողջ օրվա ընթացքում միմյանց հաջորդեցին տնտեսագիտական ուղղվածության (և ոչ միայն) ուշագրավ բանախոսություններ. «Բուհական կրթության կարևորությունը» թեմայով հանդես եկավ շարունակական կրթության բաժնի աշխատակից Իռեն Գևորգյանը, «Ինչպես հարստանալ՝ սովորելով մակրոտնտեսագիտություն» թեմայով՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետ, ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս Նարեկ Կարապետյանը։

Շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ, ֆինանսների ամբիոնի դասախոս Ժորա Ստեփանյանը «Ինչպես կառավարել անձնական ֆինանսները։ Ֆինանսական գրագիտության արդիականությունը» թեմայի շրջանակում դպրոցականներին ներկայացրեց անձնական ֆինանսների կառավարման կարևորությունն ու հմտությունները։ «Հաջորդ սերնդի տնտեսություն․ բացահայտելով ԱԲ-ի ներուժը արդյունաբերության 4․0-ի մեջ» թեմայով, որն արտացոլում է ժամանակակից աշխարհի ամենաքննարկվող և արդիական խնդիրները, բանախոսեց կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Արգամ Արտաշյանը։

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում խոսնակներին, ապա կատարում հարցադրումներ, ստանում լրացուցիչ պարզաբանումներ, որոնց շնորհիվ ընթանում էր բովանդակալից քննարկում։

Ուսուցողական-ժամանցային խաղերն էլ իրենց հերթին մտածված էին այնպես, որ ստուգեին և միաժամանակ լրացնեին մասնակիցների տնտեսագիտական գիտելիքները։

Առաջին օրն ավարտվեց թիմային առաջադրանքով։ Լավագույն կատարողները հայտնի կդառնան և կարժանանան նվերների։

Վաղն ամառային դպրոցը նույնքան հագեցած ու բովանդակաշատ շարունակություն կունենա։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։