Ամփոփվեց «ՀՊՏՀ ամառային դպրոց–2024»-ը

25.07.2024
Դիտումների քանակ՝ 155

Հուլիսի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվեց երկօրյա ամառային դպրոցը։

Երկրորդ աշխատանքային օրն սկսվեց ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանի բանախոսությամբ արդիական ու ստեղծագործական մասնագիտություններից մեկի՝ մարքեթինգի վերաբերյալ՝ «Մարքեթինգը 60 րոպեում»։ Դպրոցականների հետաքրքրվածությունն ակնհայտ էր, նրանք ակտիվ կերպով ունկնդրում ու հարցեր էին հնչեցնում։ Երկրորդ բանախոսը շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ, մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ Լուսինե Խուրշուդյանն էր՝ «Հաջողակ կարիերայի բանաձև» թեմայով, որի շրջանակում ներկայացրեց CV կազմելու գաղտնիքները, լինքդին հարթակում ներկայացվածության կարևորությունը, փափուկ և կոշտ հմտությունների տարբերությունը և աշխատաշուկայի այլ պահանջներ։

Ժամանցային-ուսուցողական խաղերով էր հագեցած նաև այսօրվա ծրագիրը։ Հաղթողներն ստացան ՀՊՏՀ բրենդային նվերներ և գովեստի շռայլ խոսքեր։

Օրն ամփոփվեց խմբային առաջադրանքի ներկայացմամբ, որը ենթադրում էր նոր բիզնես գաղափարի ստեղծում։ Լավագույնը ճանաչվեց և գլխավորի մրցանակի արժանացավ Pure Charm թիմը՝ բնական հումքով խնամքի միջոցների արտադրության յուրօրինակ և ստեղծարար բիզնես գաղափարով։

«ՀՊՏՀ ամառային դպրոց–2024»-ն ամփոփվեց հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությամբ։ Մասնակիցները հեռացան ամենավառ և ջերմ տպավորություններով՝ վստահեցնելով՝ հաջորդիվ կլինեն ՀՊՏՀ ուսանողի կարգավիճակում։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում