ՀՊՏՀ-ում մեկնարկեց 2-րդ կիսամյակը՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ
Կյանքը սկսվում է մի նոր էջից՝ նոր վերաարժևորումներով ու կրթության նկատմամբ նոր դիրքորոշմամբ. սա համավարակային ու պատերազմական հանգամանքներով պայմանավորված դադարից հետո համալսարան վերադարձած ուսանողների միասնական համոզմունքն է:
Այսօր 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկի օրն է:
Վաղ առավոտյան համալսարանը կրկին ուսանողաշատ էր, ողողված վառվռուն աչքերով բուհ վերադարձող երիտասարդների ջերմ ժպիտներով:
asue.am-ը առավոտյան շրջել է լսարաններով, զրուցել ուսանողների հետ: Որոշակի դադարից հետո ՀՊՏՀ վերադարձածների տրամադրությունները, հասկանալիորեն, փոքր-ինչ հուզական են:
Տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցի Հայկ Արշակյանը նշեց, որ պատերազմն ու համավարակը, կարծես, առժամանակ խլեցին մեր ապրելու իրավունքը, բայց հիանալի է, որ նորից «կյանք ենք վերադառնում»:
«Առցանց կրթությունը պարզապես այլընտրանք էր, բայց այն չի կարող փոխարինել լսարանային դասերին: Իհարկե, հասկանում էինք, որ ամբողջ աշխարհում իրավիճակով պայմանավորված էր այդպես, բայցև, անհամբեր սպասում էինք համալսարան վերադառնալուն»,-ասաց Հայկն ու հավելեց, որ իրեն հաջողվել է 1-ին կիսամյակը գերազանցությամբ ամփոփել:
Կառավարման ֆակուլտետից 1-ին կուրսեցի Ռոբերտ Սայամյանը մեզ տեղեկացրեց, որ մեկնարկած զորակոչին բանակ է գնալու, և ծառայությունից առաջ համալսարան վերադառնալը անչափ ուրախալի է իր համար:
«Երկրի հիմքը երիտասարդներն են՝ մենք ենք, և պարտավոր ենք լավ սովորել, նախաձեռնող լինել, կրթվել, զարգանալ, հզորացնել մեր երկիրը: Մեզնից շատ բան է կախված: Այժմ պետք է սովորենք առավել մեծ պատասխանատվությամբ»,-ասաց Ռոբերտը և ամբողջացնելով ամուր երկիր կառուցելու գործում երիտասարդի, ուսանողի դերակատարման թեման՝ նշեց, որ պատերազմական օրերին ակտիվորեն ներգրավված է եղել կամավորական աշխատանքներում՝ թիկունքից սահման անհրաժեշտ իրեր է հավաքագրել և ուղարկել: Նա մեր վաղվա զինվորն է, ուսումնատենչ, դրական ու լայնախոհ երիտասարդ:
Հավելենք, որ բուհում խստագույնս պահպանվում են հակահամաճարակային կանոնները, դիմակներն ու ջերմաչափումը պարտադիր են: Օրեր առաջ ռեկտորատի նիստում քննարկվել են համաճարակային պայմաններում ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման հարցերը. այս մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Սիրելի՛ ուսանողներ, կրկին առիթ ունենք ասելու բարի գալուստ ՀՊՏՀ, մաղթում ենք հաջող ու անխափան ուսումնաշրջան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին