ՀՊՏՀ ուսանող Ժիրայր Առաքելյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, ժամկետային զինծառայող Ժիրայր Առաքելյանը ԱՀ նախագահի հրամանագրով օրերս պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նա Արցախա-ադրբեջանական պատերազմում աչքի է ընկել սխրանքներով, Դ-20 հրանոթի հրամանատար է, սերժանտ: 19-ամյա հայրենանվեր երիտասարդը թշնամու մի քանի տեխնիկա է խոցել, իր առջև դրված մարտական խնդիրները կատարել է հմտորեն ու անտրտունջ, ինչի համար էլ պատերազմից հետո արժանացել է նշված մեդալին: Ժիրայրը նաև ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանակիր է:
Ժիրայր Առաքելյանը բանակ է զորակոչվել 2020 թ. ձմռանը, ծառայում է Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում: Պատերազմի ընթացքում նրանց զորախումբը պաշտպանել է Մարտակերտի, Մատաղիսի սահմանները:
asue.am-ը կապ հաստատեց նրա հետ, շնորհավորեց և զրուցեց։ Ժիրայրը լավատեսորեն էր տրամադրված և վստահ էր՝ հայոց բանակը ուժեղ է և առաջիկայում էլ կհզորանա՝ բանիմաց և հմուտ զինվորականների շնորհիվ։ Մեր հերոսը վստահեցնում է՝ ամեն բան լավ է լինելու:
Ժիրայրին և մեր բոլոր զինվորներին մաղթում ենք առողջություն ու խաղաղ ծառայություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին