ՀՊՏՀ արցախցի ուսանող-հերոսի մեծագույն երազանքն իրենից հետո ժառանգություն թողնելն էր

21.01.2021
Դիտումների քանակ՝ 1699

«Ուզում եմ երեք որդի ունենալ, ուզում եմ, որ պատերազմ չլինի, ուզում եմ ինձնից հետո ժառանգություն ու անուն թողնել…. ». սրանք ՀՊՏՀ տնտեսագիտություն մասնագիտության (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ) 1-ին կուրսի ուսանող, արցախցի Արամ Էռնեստի Գրիգորյանի (ծնվ. 2002թ.) կյանքի երազանքներից մի քանիսն են, որոնք երիտասարդ հերոսը թղթին էր հանձնել….Այժմ այդ թուղթը խոսուն հիշողություն է 18-ամյա մարտիկ  Արամի մասին: «Երազանքների թուղթը» ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է տրամադրել հերոսի հայրը՝ Էռնեստ Գրիգորյանը (տե՛ս 3-րդ և 4-րդ  լուսանկարները):

Արամ Գրիգորյանը 2020թ. բարձր գնահատականներով ընդունվել է ՀՊՏՀ, հրամանագրվել որպես ուսանող ու զորակոչվել բանակ: Ծառայել է Ներքին Հոռաթաղում, հրետանավոր էր, պատերազմի ընթացքում քաջաբար պաշտպանել է հայրենիքը, ընկել է հոկտեմբերի 16-ի կատաղի մարտում:

Հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ իր նպատակասլաց զավակը շատ անելիքներ ուներ, որոնք ավա´ղ կիսատ մնացին…

«Արամը սիրում էր կյանքը, համառ էր ու աշխատասեր: ՀՊՏՀ-ում սովորելը ևս նրա կարևոր նպատակներից էր, ուզում էր բիզնես ոլորտում խորամուխ լինել, հիմնել հայրենիքի տնտեսությունը զարգացնող արտադրական բիզնես-կազմակերպություն: Գործարարության մասին գրքեր շատ էր կարդում, հատկապես միջազգային գրականություն, ուսումնասիրում էր հաջողակների փորձը, որոնում նոր գաղափարներ»,-ասաց Էռնեստ Գրիգորյանը:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանն էլ մեզ փոխանցեց՝ ճիշտ է, Արամը այդպես էլ չհասցրեց սովորել համալսարանում, վայելել ուսանողական կյանքը, բայց, հաստատապես, նա մեր անմահ ուսանողն է:  Գրիգոր Նազարյանը նրան հիշում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից. Ստեփանակերտից բարձր գնահատականներով եկած պայծառ երիտասարդը ընդունելության փաստաթղթերը հանձնելիս հանձնաժողովին տպավորել էր իր վառ կերպարով, աչքի ընկել որպես ուսումնատենչ ու հետաքրքրասեր դիմորդ:

Գլուխ ենք խոնարհում: Փա՛ռք քեզ, հերոս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին