«Ներքին վերահոսկողություն» առարկայի շրջանակներում դասախոսեց ԿԲ ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 2764

Հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսեցիները, «Ներքին վերահոսկողություն» առարկայի շրջանակում, այսօր ունկնդրեցին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության բանկային վերահոսկողության բաժնի պետ Վաղինակ Ստեփանյանի դասախոսությունը: Նշված առարկան դասավանդող, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանը հերթական անգամ հրավիրել էր Վաղինակ Ստեփանյանին՝ ապագա հաշվապահներին մասնագիտական առարկայի վերաբերյալ ընդհանուր գործնական գիտելիք հաղորդելու:

Բանախոսին և ուսանողներին ողջունելու էին եկել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը: Ողջույնի խոսքում Մերի Բադալյանը իմաստավորեց մասնագիտական դասընթացները հարստացնող միջոցառումները, ապա շնորհակալություն հայտնեց բազմազբաղ հյուրին՝ ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու համար:

Բաց դասին քննարկվեցին հետևյալ հարցերը՝ ռազմավարական ծրագրի էությունը, ընկերության կառավարման համակարգը, ներքին հսկողության համակարգը և դրանում ներքին վերահսկողության գործառույթի տեղը և դերը: Լսարանի հետաքրքրությունը մեծ էր ԿԲ գործունեության նկատմամբ և պատեհ առիթն օգտագործելով՝ ուսանողները հարցեր ուղղեցին և առաջին ձեռքից տեղեկություններ ստացան բանկի առաքելության, նպատակների, ռազմավարական ծրագրերի մշակման առանձնահատկությունների, ռիսկերի վերահսկման և այլնի վերաբերյալ: Արծարծվող թեմաների շուրջ դիտարկումներ ներկայացրեց նաև Վահան Բաբայանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին