Ի գիտություն ուսանողների. ՀՊՏՀ ռեկտորատի նիստում քննարկվեց ուսման վարձերի վճարման կարգին վերաբերող հարցը

Դիտումների քանակ՝ 2791

Այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը. օրակարգում ընթացիկ մի շարք հարցեր էին, որոնք բարձրացրեցին ֆակուլտետների դեկանները: Այս օրերին ուսանողներին ամենաշատը հետաքրքրող հարցը ուսման վարձի վճարման կարգին էր վերաբերվում: Քննարկվեց և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան որոշվեց՝ ուսանողները կարող են ուսման վարձը վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների՝ ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին: Պարզաբանվեց, որ ուսանողները կարող են ուսման վարձը վճարել յուրաքանչյուր ամիս (մինչև դեկտեմբեր վճարելով առաջին, իսկ մինչև մայիս՝ վճարելով երկրորդ կիսամյակի վարձերը): Ցանկության դեպքում, ուսանողները կարող են նաև կիսամյակի վարձը վճարել միանգամից:

Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շեշտեց՝ խստորեն հետևել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին և ուսանողներին տեղեկացնել ուսման վարձը վճարելու իրենց իրավունքի մասին, հարկ եղած դեպքում՝ ընդառաջել: Համալսարանի ղեկավարը հիշեցրեց՝ ՀՊՏՀ-ից որևէ ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չի մնացել, ուստի այսուհետ ևս հարկավոր է ուսանողներին ընդառաջել և ուսման վարձերի գանձումը իրականացնել պատշաճ և ըմբռնումով՝ չմոռանալով իհարկե օրենքի պահանջը:

Ուսման վարձերի վճարման մանրամասներին և հաշվեհամարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հաջորդիվ, դեկանները ներկայացրեցին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին ուղղված ՀՊՏՀ ուսանողների դիմումները, անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին