Կառավարման ամբիոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ սկսելով վարպետության դասերի շարք

Դիտումների քանակ՝ 2031

ՀՊՏՀ կառավարման ամբիոնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ սկսելով վարպետության դասերի շարք` փորձառու մասնագետների մասնակցությամբ: Այսօր տեղի ունեցավ անդրանիկ միջոցառումը, «Փոփոխությունների կառավարում» թեմայով վարպետության դաս վարեց «ՊԵՆՏԱ» զարգացման խորհրդատվական ընկերության կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը: Հանդիպումը հետաքրքրել էր մի քանի տասնյակ ուսանողների ոչ միայն կառավարման, այլև ֆինանսական ֆակուլտետից:

Բացելով դասը՝ Կարեն Սարգսյանը նախ ծանոթացավ լսարանին, ապա ներկայացրեց դասախոսության նյութը՝ նշելով, որ «Փոփոխությունների կառավարում» դասընթացն ամբողջ աշխարհում ընդունված և հատկապես մագիստրատուրայում ներկայացվող ուսումնական նյութ է: «Այսօր աշխարհը արագ է փոփոխվում և դրա պատճառները մի քանի տասնյակ են՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից: Եվ սա ստեղծում է մի վիճակ, երբ կազմակերպություններն անընդհատ փոփոխությունների մեջ են, ուստի պետք է կարողանալ դրանք ճիշտ կառավարել, որպեսզի լինեն արդյունքներ: Այս իրավիճակում մեծապես կարևորվում է փոփոխությունների կառավարմամբ զբաղվող մասնագետների դերը»,- նշեց Կարեն Սարգսյանը:

Բանախոսն ուսանողներին ներկայացրեց փոփոխությունների կառավարում հասկացությունը, սահմանումը, կազմակերպությունների բարելավումը գործընթացների հետազոտության միջոցով (Կուրտ Լևինի տեսություն), փոփոխությունների կառավարման 7 հիմնարար գործընթացները, ինչպես նաև կազմակերպության կենսագործունեության 7 տարրերը՝ ըստ Տրիգոն զարգացման խորհրդատվական ընկերության:

«ՊԵՆՏԱ» ընկերության ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց նաև կառավարման ամբիոնին կից ստեղծել փոփոխությունների կառավարման լաբորատորիա, որը ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներով կզինի փոփոխությունների կառավարման ապագա մասնագետներին, այլև կաջակցի ամբիոնի շրջանավարտներին՝ նշված ոլորտում աշխատանք գտնելու հարցում:

Կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ներկայացրեց իրենց նախաձեռնությունը՝ մեկնաբանելով ամբիոնի մոտեցումը: «Կառավարման ամբիոնը հանդես է գալիս վարպետության դասերի նախաձեռնությամբ, որի նպատակն է առաջատար կազմակերպությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների միջոցով ուսանողներին փոխանցել անհրաժեշտ պրակտիկ գիտելիքներ: Առաջիկայում ևս կունենանք այսպիսի միջոցառումներ, իսկ նոր ուսումնական տարվանից դրանք ավելի պարբերական բնույթ կկրեն: Զուգահեռ մենք նախատեսում ենք այցելել տարբեր կազմակերպություններ և այս առումով ևս արդեն ունենք որոշակի պայմանավորվածություններ: Հուսով ենք, որ մեր այս նախաձեռնություններն օգտակար կլինեն մեր ուսանողների և շրջանավարտների համար»,- ասաց Աշոտ Մարդոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին