Ավարտվեց ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը, մեկնարկեցին հանրապետական 23-րդ ուսանողական մարզական խաղերը

28.03.2022
Դիտումների քանակ՝ 1038

2021-2022 թթ. ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ և 3-րդ տեղի համար հանդիպումներն ավարտվեցին։ Եզրափակիչ երկրորդ խաղում «Երևան ՖԱ»-ն, հաղթելով «Արարատ-Արմենիա»-ին, նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ «ՀՊՏՀ Երևան» թիմը 10։3 հաշվով առավելության հասավ «Լոգիկոն»-ի նկատմամբ և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեր համալսարանի «ՀՊՏՀ Երևան» թիմն առաջիկայում կմասնակցի ՀՀ ֆուտզալի գավաթի խաղարկությանը:

Առջևում ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերն են։ Այն, ինչպես միշտ, կազմակերպվում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) կողմից։ Ինչպես տեղեկացանք ՀՈՒՄՖ նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանից, այս տարի ուսանողական մարզական խաղերին մասնակցում են հանրապետության 25 բուհերի ավելի քան 2000 ուսանող մարզիկներ։ Խաղերի շրջանակներում կանցկացվեն 18 մարզաձևերի 17 առաջնություններ և մեկ լիգա (ֆուտզալ)։

Ուսանողական մարզական խաղերի ավարտը նախատեսվում է դեկտեմբերին։ Այս ընթացքում ՀՈՒՄՖ-ն ակտիվորեն կհամագործակցի տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ։

Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ՝ միջոցառման նպատակը ուսանողների շրջանում ֆիզիկական դաստիարակության և սպորտի դերի բարձրացումն է, առողջ ապրելակերպի քարոզը։