Սեմինարների շարք՝ «Միներվա» ծրագրի շրջանակում

29.03.2022
Դիտումների քանակ՝ 1365

Մարտի 24-ին և 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցան սեմինարներ հետազոտողների և գիտական պարբերականների աշխատակիցների համար։

Սեմինարների նպատակն էր հետազոտողներին և խմբագիրներին ներկայացնել բաց գիտահետազոտական հարթակների օգտագործման գործիքակազմը, ինչպես նաև «բաց գիտության» հնարավորություններն ու առավելությունները՝ բաց հասանելիության սկզբունքների և մեթոդաբանության արդյունավետ կիրառման միջոցով։

Սեմինարի մեկնարկին «Միներվա» ծրագրի ՀՊՏՀ համակարգող, ֆոնդհայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը ներկայացրեց ծրագրի թիրախային նպատակադրումները, դրա շրջանակում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանն անդրադարձավ «բաց գիտության» համակարգի հիմնական սկզբունքներին ու առանձնահատկություններին, ՀՊՏՀ-ում «բաց գիտության» քաղաքականության կարևորությանը, այս ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև համալսարանի առջև ծառացած մարտահրավերներին և հեռանկարներին։ Պրոռեկտորն ընդգծեց, որ մի շարք փաստաթղթերի և ռազմավարական ծրագրերի ընդունմամբ ՀՊՏՀ ակադեմիական հանրույթն արդեն իսկ կարևորել է բաց գիտության սկզբունքների անհրաժեշտությունը։

Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց նաև հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման ու հզորացման, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի կառուցակարգերի ներդրման ու հետազոտական գործունեության արդյունքների պահոցի ստեղծման գործընթացը ՀՊՏՀ-ում։

ՀՊՏՀ EURAXESS համակարգող, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Եվգենյա Բազինյանն իր ելույթում անդրադարձավ հետազոտողների մասնագիտական կարողությունների զարգացման և մասնագիտական աճին ուղղված առաջնահերթ ռազմավարական քայլերին, «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանի» (HR Excellence in Research award) ստեղծած հեռանկարներներին համալսարանի և հետազոտողների համար։ Նա ներկաներին ծանոթացրեց EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին և դրա ընձեռած հնարավորություններին։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ-փոխտնօրեն, ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի վարիչ Վարդան Աթոյանը ներկայացրեց միջազգային գիտական շտեմարանները և դրանց հնարավորությունները։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ Դավիթ Հախվերդյանն իր ելույթում անդրադարձավ գիտահետազոտական աշխատանքների մեթոդաբանությանը, այդ թվում՝ գիտական հրապարակումներում հղումներին և գրագողությանը։

Սեմինարների ընթացքում մասնակիցների և բանախոսների միջև ծավալվեց ակտիվ քննարկում։