Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

26.11.2021
Դիտումների քանակ՝ 19376

ՀՀ Կառավարության երեկվա նիստում գործադիրը որոշում է ընդունել հաստատելու 
բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված 
կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների
և ընդունելության քննությունների ցանկը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ հավելելով, որ համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով. դա կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Ընդունված որոշմամբ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ Կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։

ՀՊՏՀ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության բակալավրիատի մասնագիտությունները, ուսման վարձերը և ընդունելության քննությունները կարող եք տեսնել այստեղ։