Հանուն հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների․ նոր համագործակցություն

09.09.2021
Դիտումների քանակ՝ 1827

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը հյուրընկալվեցին հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին։

Կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի պատրաստակամությունը՝ օժանդակելու «Ներառական զարգացումներ ի նպաստ արդարացի և հաշվետու հասարակության» ծրագրի իրականացմանը Հայաստանի Հանրապետությունում։

ՀՊՏՀ-ից վերջին պատերազմին 537 ուսանող է մասնակցել։ Նրանց մի մասը պատերազմի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել։ Ինչպե՞ս ապահովել վերջիններիս լիարժեք ներգրավումը կրթության ոլորտում, ի՞նչ նոր մոտեցումներ կիրառել այդ գործընթացն անցնցում կազմակերպելու համար։ Սրանք հարցեր են, որոնք համակարգային լուծումներ են պահանջում։ «ՀՊՏՀ-ն պատրաստ է լինել առաջինը ՀՀ բուհական համակարգում՝ այդ խնդիրները քայլ առ քայլ քննարկելու և լուծումներ փնտրելու ճանապարհին։ Բայց մենք ուրախ կլինենք, որ այդ նախաձեռնողականությունը շղթայական էֆեկտ ունենա նաև այլ բուհերի համար»,- նշեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։

«44-օրյա պատերազմն ազդակ հանդիսացավ, որպեսզի խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնենք, իսկ խնդիրները շատ են, և 2021 թ․ գործողությունների պլանում մենք նախատեսել ենք ամեն կերպ արձագանքել այդ խնդիրներին։ ՀՊՏՀ-ից պատերազմին մասնակցել է 537 ուսանող, և անհրաժեշտ է գնահատելու նրանց կարիքները»,- նշեց Դիանա Գալոյանը՝ վստահեցնելով, որ ՀՊՏՀ-ն այսուհետ ևս կշարունակի աջակցել հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների լիարժեք ներառմանը կրթության մեջ և նրանց համար ապահովելու կրթության հասանելիություն և որակ։

«Այս հուշագիրը շատ կարևոր է տեսանելի ապագայում ավելի կոնկրետ ու իրատեսական քայլերով առաջ գնալու համար»,- շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտորին նախաձեռնողականություն ցուցաբերելու համար՝ նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

Ստորագրված փաստաթուղթը նպատակ ունի համակարգել «Հույսի կամուրջ» կազմակերպության և ՀՊՏՀ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, հաստատել կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում կրթական համակարգի բարեփոխման գործընթացներին, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների կրթությանը և բազմակողմանի զարգացմանը, նրանց՝ որպես հասարակության լիարժեք քաղաքացիների գաղափարի ամրապնդմանը։

Կողմերը պայմանավորվեցին խթանել ՀՊՏՀ դասախոսների և ուսանողների համագործակցությունը հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, բարձրացնել աշխատակազմի իրազեկվածությունը այս խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով համալսարանում փոխել վերաբերմունքը հաշմանդամություն և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման նոր մոտեցումների նկատմամբ, որոնք հիմնված են մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։

Այս համատեքստում նախատեսվում է հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների համար ՀՊՏՀ-ում ստեղծել ենթակառուցվածքներ, իսկ այդ հարցում «Հույսի կամուրջ» ՀԿ-ն պատրաստակամ է օգնել իր արժեքավոր խորհրդատվությամբ։ Նախատեսվում է համագործակցել նաև կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում, համատեղ կազմակերպել և անցկացնել բաց դասեր, սեմինարներ, քննարկումներ, քարոզարշավներ և հանրային միջոցառումներ։ Հանդիպմանը քննարկվեց նաև համալսարանում աջակցության կենտրոն ստեղծելու հնարավորությունը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին