Տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է աշխատակազմի անգլերենի իմացության թեստավորման գործընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել է համալսարանի աշխատակազմի անդամների անգլերենի իմացության թեստավորման գործընթացը, որը կազմակերպել է շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։
Բաժնի պետ Աղավնի Հակոբյանի խոսքով, թեստավորման արդյունքներով համալսարանում կազմակերպվելու է բիզնես/ակադեմիական անգլերենի գծով վերապատրաստման դասընթաց, ինչը թույլ կտա բարելավել դասախոսների և աշխատակիցների անգլերենի իմացությունը, խթանել անգլերենով հետազոտությունների իրականացումը, ապահովել համալսարանում միջազգային փոխանակման ծրագրերով ուսումնառող գործընկեր-բուհերի ուսանողների պատշաճ ուսուցումը, ինչպես նաև նպաստել համալսարանի միջազգայնացման գործընթացներին։
Թեստավորումը բաղկացած է գրավոր և բանավոր բաղադրիչներից և միտված է մասնակիցների ոչ միայն գրավոր, այլև բանավոր հաղորդակցման հմտությունների վերհանմանը։
Մեր գործընկերոջ խոսքով՝ թեստավորման հաջորդ փուլը նախատեսված է հունվարի 29-ին։ «Համալսարանի անձնակազմի այն անդամները, ովքեր կհաղթահարեն համապատասխան շեմը, կկարողանան անվճար հիմունքներով մասնակցել վերապատրաստմանը և հետագայում ստանալ անգլերենի իմացությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ։ Արտաքին շահառուների ներգրավմամբ նման նախագծերի իրականացումը նպատակ ունի օգտագործել ՀՊՏՀ գործընկեր կառույցների ներուժը, խթանել համատեղ նախագծերի արդյունավետ իրականացումը և երաշխավորել ՀՊՏՀ աշխատակազմի մրցունակությունը»,- ասաց Աղավնի Հակոբյանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին