ՀՊՏՀ-ում էին երևանյան 4 ավագ դպրոցների աշակերտները. հյուրընկալությունը տեղեկատվական ու ջերմ մթնոլորտում էր

Դիտումների քանակ՝ 1807

Տնտեսագիտական մայր բուհում շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների հյուրընկալությունները:

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում կայացած տեղեկատվական հերթական միջոցառման մասնակիցը դարձան Երևանի թիվ 54, 97, 105, 118 ավագ դպրոցների աշակերտները: Նրանց ողջունեցին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, դեկաններ ու փոխդեկաններ, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատակիցներ ու ուսխորհրդականներ:

Բացման խոսք ասաց պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը. ապագա դիմորդներին նա հորդորեց երկար մտածել մասնագիտության ընտրության հարցում, իմաստավորել բարձրագույն կրթության դերը: Պրոռեկտորը օգտակար խորհուրդներ տվեց աշակերտներին և կոչ արեց մասնագիտություն ընտրելիս առաջին հերթին առաջնորդվել անձնական նախասիրություններով, ապա ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն երաշխավորում է այնպիսի որակյալ կրթություն ապահովել, որը կդառնա նրանց վաղվա օրվա հաջողության գրավականը:

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդների բոլոր նախագահները ներկայացրին իրենց ֆակուլտետների և մասնագիտությունների գրավչությունները, ստուգեցին նաև ապագա ուսանողների տնտեսագիտական գիտելիքները, կազմակերպեցին ինտելեկտուալ խաղեր՝ հաղթողներին հանձնելով նվերներ:

Տեղեկատվական միջոցառումը շարունակեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանավարտներ, ՀՊՏՀ ուսանողներ Մերի Նիկոլայանը, Հայկ Քալանթարյանը և Խորեն Իսպիրյանը:Մեր առաջավոր ուսանողներն անդրադարձան համալսարանի միջազգային շարժունության ծրագրերին, մասնավորապես «Էրազմուս+»-ին: Նրանք աշակերտներին պատմեցին արտերկրում ուսումնառությունից ստացած իրենց վառ տպավորությունների մասին:

Դիմորդներին ընդունելության գործընթացի կարևոր կետերի մասին օգտակար տեղեկություններ փոխանցեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:

Հյուրընկալությունն ամփոփվեց բուհում շրջայցով, աշակերտները ծանոթացան բուհի ֆակուլտետներին, ենթակառուցվածքներին:

ՀՊՏՀ ղեկավարությունը բարի երթ մաղթեց ապագա դիմորդներին: Այսօր էլ ՀՊՏՀ-ից հեռացան մի խումբ խանդավառ աշակերտներ՝ արդեն որպես ուսանող ՀՊՏՀ գալու ցանկություն-երազանքով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին