Մակրոէկոնոմիկայի ամբիոնում կայացել է ամփոփիչ առցանց գիտական սեմինար` ՀՀ գիտության կոմիտեի ծրագրի թեմայի շրջանակներում

02.12.2020
Դիտումների քանակ՝ 1046

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» թեմայի շրջանակներում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը դեկտեմբերի 1-ին կազմակերպել է ամփոփիչ առցանց գիտական սեմինար: Այս մասին asue.am-ին հաղորդեց հետազոտական խմբի ղեկավար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, ամփոփիչ գիտական սեմինարի նպատակն էր հետազոտական ծրագրի թեմայի չորս փուլերի առաջադրանքներով նախատեսված հետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացումը, քննարկումը և ամփոփումը: Սեմինարին մասնակցել են հետազոտական խմբի անդամները՝ տ.գ.թ., դոցենտներ Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, տ.գ.թ. ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը, տ.գ.թ. Լուսինե Մխիթարյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի hարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետ, տ.գ.թ. Գարիկ Պետրոսյանը և ասպիրանտ Նարեկ Կարապետյանը, ովքեր հանդես են եկել ծավալուն և հետաքրքիր շնորհանդեսներով: Գիտական սեմինարին մասնակցել են համալսարանի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը և տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը, նաև «Մակրոտնտեսական վերլուծություն» և «Տնտեսության պետական կարգավորում» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները:

Խմբի հետազոտողների կողմից մանրամասն ուսումնասիրվել և բացահայտվել են ներքին շոկեր առաջացնող գործոնները, բացահայտվել են դրանց ազդեցության ուղղությունները, տարածման մեխանիզմները, տնտեսական աճի և դինամիկ հավասարակշռության ապահովման ուղիներն ու հնարավորությունները ՀՀ-ում, մեկնաբանվել են տնտեսության իրական և ֆինանսական հատվածներով ներքին տնտեսական շոկերի տարածումը, տարբեր մոդելների միջոցով գնահատվել են ներքին տնտեսական շոկերի ազդեցությունները ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական կայունության վրա, պետական պարտքի կուտակման, տրանսֆերտների հետ կապված հիմնախնդիրները, բացահայտվել են ներքին շոկերի ազդեցության պայմաններում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության տարբեր արձագանքների հետևանքները մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից: Գիտական սեմինարն ամփոփվել է ակտիվ քննարկմամբ: Գիտական արդյունքների զգալի մասն արդեն հրատարակվել է խմբի հետազոտողների գիտական հոդվածներում, այդ թվում՝ միջազգային ամսագրերում և գիտական զեկույցներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին