Կյանքից հեռացել է ՀՊՏՀ վաստակաշատ դասախոս Իշխան Խլղաթյանը

03.12.2020
Դիտումների քանակ՝ 1680

Կյանքի 83-րդ տարում մահացել է ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի երախտավոր, վաստակաշատ մանկավարժ-գիտնական, տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Խլղաթյանը: Նա բուհի հիմնադրման օրվանից մինչև 2017 թ. աշխատել է ՀՊՏՀ-ում, իր բեղմնավոր գիտամանկավարժական գործունեությամբ նպաստել համալսարանի, ամբիոնի կայացման գործին։

«Պարոն Խլղաթյանը մեր ամբիոնի նվիրյալներից էր, բացառիկ մարդ-մտավորական, ով իր տեսակով գեղեցկացնում էր շրջապատը: Ավագ գործընկերոջ իրավունքով նա ամբիոնում համերաշխություն էր պահպանում, մեծագույն հարգանքով հաղորդակցվում թե′ մեծի, թե′ փոքրի հետ: Նա մարդամեծար ու մարդասեր էր: Բնականաբար, վայելում էր գործընկերների և ուսանողների հարգանքը: Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ նա կապը չի կտրել ամբիոնի հետ, զանգահարում ու շնորհավորում էր բոլորի ծննդյան տարեդարձները, ուրախանում էր բուհի և ամբիոնի հաջողություններով, բարեմաղթանքներ ու խորհուրդներ էր հղում: Նա բացառիկ մարդ էր, գիտության ու կրթության ոլորտի պատկառելի ներկայացուցիչ»,-մեզ հետ զրույցում ասաց տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը:

Մասնագիտական ու մարդկային որակներով անվանի գիտնականը օրինակ է եղել իր սաների ու գործընկերների համար: Նա բանիմաց ու փորձառու դասախոս էր, փայլուն մտավորական, հոգատար ու սրտացավ գործընկեր: Իշխան Խլղաթյանի գիտական հովանավորությամբ մի խումբ ասպիրանտներ գիտական ատենախոսություններ են պաշտպանել, կատարել տնտեսագիտական արժեքավոր հետազոտություններ: Նշենք, որ 2017 թ. ապրիլի 26-ին ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի հերթական նիստում հատուկ անդրադարձ է եղել կյանքի 80 տարին բոլորած վաստակաշատ գիտնական-դասախոս Իշխան Խլղաթյանին, ամբիոնի ներկայացուցիչները արժևորման ու մեծարանքի խոսք են հղել նրան, գնահատել նրա գիտական ու մանկավարժական ավանդը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը, այդ օրը շնորհավորելով հոբելյարին, նշել է, որ որպես գիտնական՝ Իշխան Խլղաթյանն իր տաղանդը նվիրել է նոր գաղափարների ի հայտ բերմանը և դա արել է գիտական բարձր ճաշակով: Իշխան Խլղաթյանի 80-ամյակին նվիրված մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Մեր վշտակցությունն ենք հայտնում Իշխան Խլղաթյանի ընտանիքին ու հարազատներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին