Ապագա հաշվապահ Կարենը պայմանագրային զինծառայող էր

10.02.2021
Դիտումների քանակ՝ 1231

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հեռակա 4-րդ կուրսի ուսանող Կարեն Ռազմիկի Գևորգյանը Արցախա-ադրբեջանական պատերազմում նահատակված հերոս է, ով ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի պայմանագրային զինծառայող էր:

Կարենի մասին մեզ պատմեց նշված ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը՝ նշելով, որ նա մարդկային բացառիկ որակներով օժտված երիտասարդ էր:

«Ուսումնառության ընթացքում Կարենը զուգահեռ մարտական հերթապահություն էր իրականացնում և հաճախ չէր հասցնում դասերին ու քննություններին ժամանակին ներկայանալ, հատուկ նրա համար ժամանակացույց էինք կազմում: Նա սովորելու մեծ ձգտում ուներ, պարկեշտ, հարգված ու սիրված ուսանող էր»,- նշեց Մերի Բադալյանը։

Կարեն Գևորգյանը Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էր: Դեկանը մեզ պատմեց, որ ռազմաճակատում Կարենը վիրավորում էր ստացել, եղբայրը, որը նույնպես ռազմաճակատում էր, ցանկացել է օգնություն ցուցաբերել Կարենին, ավա˜ղ, երկու եղբայրները զոհվել են թշնամու գնդակից:

Հավերժ փառք, անմա՛հ տղաներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին