Կայացավ ԵՄ «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական հանդիպումը

16.09.2021
Դիտումների քանակ՝ 1335

Բազմակողմանի միջազգային համագործակցությունը, որն ընդգրկում է ակադեմիական շարժունությունը, հմտությունների, կարողությունների, փորձի փոխանակումն ու միջմշակութային հաղորդակցությունը, կրթության որակի բարելավման արդյունավետ ուղի է և Տնտեսագիտական համալսարանի միջազգայնացման հայեցակարգում առանձնակի է կարևորվում:

Թեև համավարակային ժամանակաշրջանում միջազգային ծրագրերի տեղեկատվական միջոցառումներն իրենց տեղը զիջել էին առցանց ծանուցումներին, սակայն գործընթացը երբեք չի դադարել, և նոր ուսումնական տարվա սկզբին այն վերսկսվեց հագեցած օրակարգով:

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որը կրում էր «Կերտեք ձեր առաջընթացն ու կրթությունը մեզ հետ» կարգախոսը: Մասնակցում էին մեծ թվով ուսանողներ, որոնց էլ ուղղված էր ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի ուղերձը:

«Ողջունում եմ բոլորիդ: Եթե այստեղ եք, նշանակում է՝ լրջորեն հետաքրքրված եք միջազգային փոխանակային ծրագրերով, մասնավորապես՝ «Էրազմուս+»-ին մասնակցությամբ: Հավաստիացնում եմ՝ այն բեկումնային նշանակություն կունենա ձեր կյանքում: Ցանկանում եմ, որ օգտվեք եվրոպական լավագույն համալսարաններում մեկ կիսամյակ սովորելու այս հնարավորությունից, բայցև իմացեք՝ շատ բան կախված է ձեր ակտիվությունից և նպատակասլացությունից»,- ասաց Լուսինե Դանիելյանը:

Միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Աղաբաբյանը համակողմանի անդրադարձ կատարեց «Էրազմուս+» ծրագրին՝ ներկայացնելով ոսանողներին ընձեռվող հնարավորությունները, կրթաթոշակին արժանանալու պայմանները, գործընկեր համալսարանները, գործընթացի փուլերը, ապա կանգ առավ անգլերենի քննական փուլի վրա /մանրամասները տե´ս այստեղ/, անդրադարձավ հարցազրույցի, առարկաների փոխճանաչման և շարժունության ընթացքի առանցքային հարցերին և հավանական բոլոր դիմորդներին հաջողություն մաղթեց՝ ներկա և ապագա էրազմուսականների շարքերը համալրելու գործում:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրենց փորձառությանն անդրադարձան, ուսանելի դրվագներ պատմեցին և արժեքավոր խորհուրդներ տվեցին մագիստրանտներ Արփի Նիկոյանը և Խորեն Իսպիրյանը, իսկ ՀՊՏՀ շրջանավարտ, Erasmus Student Network-ի (ESN) երևանյան ցանցի համահիմնադիր Հերմինե Ֆանյանը ներկայացրեց միջազգային ուսանողների համակարգման այդ կառույցը, վերջինիս ստեղծման պատմությունը, գործառույթները, աջակցության ծրագրերը:

Տեղեկատվական հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան նաև տեղեկություններ ստանալու Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ծրագրերի վերաբերյալ: DAAD-ն ներկայացրեց ծառայության խորհրդատու Դանիել Լեպետիտը, ով, ի դեպ, տեղեկացրեց, որ DAAD-ի կողմից ավելի համակողմանի տեղեկատվական հանդիպում նախատեսվում է սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13.20-ին: Գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ծրագրերի մասին խոսեց գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը:

Հավելենք, որ տեղեկատվական հանդիպումները շարունակական են, հետագա հանդիպումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ծանուցում: Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ․փոստի միջոցով, իսկ թարմացվող հայտարարությունները կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին