Մեկնարկել են «Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերը

25.01.2022
Դիտումների քանակ՝ 1495

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ ավելի քան 10 տարի անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը սկսված են։ Ուժային եռամարտ մարզաձևով մեկնարկած խաղերին այս տարի մասնակցում են հայաստանյան 15 բուհերի շուրջ 300 դասախոսներ և աշխատակիցներ, ծրագրում ներառված է 7 մարզաձև՝ արագ շախմատ, հրաձգություն, բադմինտոն, սեղանի թենիս, ուժային եռամարտ, պարանի ձգում և վոլեյբոլ։

Մարզասեր դասախոսներն այսօր՝ հունվարի 25-ին, ՀՊՏՀ-ի մարզադահլիճում իրենց ուժերը փորձեցին ուժային եռամարտի առաջնությունում։ Անհատական պայքարում, որին մասնակցում էին 5 բուհերի 25 դասախոսներ, հաղթեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս Վարդան Վլասյանը։

Խաղերի կազմակերպչական աշխատանքներին վերջին տարիներին միացել է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու հարցում անմասն չեն նաև մասնակից բուհերը, որոնք իրենց հարկի տակ այս օրերին կհյուրընկալեն տարբեր առաջնությունների մասնակից դասախոսական թիմերին։

«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի նպատակն ու առաքելությունը, միջոցառման կազմակերպիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի փոխանցմամբ, բուհերում ֆիզդաստիարակության դերի բարձրացումն է, ինչին մեծապես նպաստում են դասախոսներն իրենց սեփական օրինակով։ Ի դեպ, ինչպես նշեց Հովհաննես Գաբրիելյանը, եթե նախկինում «Դասախոսական գավաթ»-ին հիմնականում մասնակցում էին բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնները, ապա տարեցտարի պատկերը փոխվում է՝ մարզական խաղերին սկսել են ներգրավվել բուհերի այլ ամբիոնների դասախոսներ ևս։

«Դասախոսական գավաթ-2022» միջբուհական մարզական խաղերը կամփոփվեն փետրվարի 4-ին՝ վոլեյբոլի առաջնությամբ, ինչին կհաջորդեն փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը։