Բիզնես–գիտություն համագործակցության խթանմանն ուղղված միջոցառումները շարունակվում են. ստորագրվել են եռակողմ պայմանագրեր

02.02.2022
Դիտումների քանակ՝ 936

ՀՊՏՀ-ի և «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի արդյունքում ձևավորված համագործակցության շրջանակն ընդլայնվեց ևս մեկ իրադարձությամբ: Դեռևս աշնանը առցանց հարթակում կայացել էր նշված միջազգային նախագծի շրջանակում հայտարարված մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել էին իրենց բիզնեսում գիտահետազոտական բաղադրիչի զարգացմամբ հետաքրքրված փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանից և Վրաստանից։ Մրցույթի նպատակը բիզնես-հետազոտական ենթակառուցվածք համագործակցության խթանումն էր։

Այսպիսով, 2022 թ. փետրվարի 1-ին եռակողմ պայմանագրեր ստորագրվեցին ՀՊՏՀ-ի, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի (Grant Thornton Consulting), «Կրեո» ՍՊԸ-ի (CREO Project Solutions) և «Բիզնես-հետազոտական ենթակառուցվածք» մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցներ «Արմինե Աբրահամյան» ԱՁ-ի («Symphony of Nature»), «Գեբեսերտ» «GebeCert» և «ԷյԱյՓի» «AIP Tech» ընկերությունների միջև։ Համագործակցության արդյունքում «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ն և «Կրեո» ՍՊԸ-ն խորհրդատվական ծառայություններ կիրականացնեն վերոնշյալ փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ այդպիսով խթանելով ՀՀ-ում ՓՄՁ զարգացումը, ինչպես նաև բիզնես-հետազոտական ենթակառուցվածք կապը։

Մրցույթում հաղթած ընկերությունները արտասահմանյան և տեղական գործընկերների հետ համաձայնել են աշխատել համագործակցության տարբեր ուղղություններով։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում։

Նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա: