ՄՊՀ-ում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային հիմնախնդիրները. ներկայացվել են Մրցակցության հանձնաժողովի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համատեղ իրականացրած ուսումնասիրության արդյունքները

02.02.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1321

Փետրվարի 1-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում  է տեղի ունեցել թչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ: Քննարկման մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է նախորդ տարի ՄՊՀ-ի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից համատեղ իրականացված թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրությունը, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել  այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս: