ՀՊՏՀ բակալավրիատի դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 56.4%-ով. ՀՊՏՀ-ն դիմորդների թվով երկրորդն է

Դիտումների քանակ՝ 2528

Մայիսի 25-ից մեկնարկած առկա բակալավրիատի ընդունելության գործընթացը երեկ՝ հունիսի 15-ին ավարտվել է:  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընդունելությունը հայտարարվել  է  բակալավրիատի 11 մասնագիտությունների գծով : Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այս տարվա ընդունելության գործընթացն իրականացվել է առցանց՝ հատուկ դիմորդների համար բացված առցանց հայտագրման համակարգով: Եվ չնայած գործընթացի հեռավար կազմակերպմանը՝ ՀՊՏՀ հայտագրման պատկերը գոհացուցիչ է, մեր բուհին հատկացված 1200 տեղի համար հայտագրվել է 1442 դիմորդ. նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է 56.4%-ով։

ՀՊՏՀ-ն հանրապետության բուհերի շարքում դիմորդների թվով երկրորդն է՝ ԵՊՀ-ից հետո։ Նշենք նաև, որ 2020թ. ՀՀ-ում հայտագրված դիմորդների թիվը գերազանցել է նախորդ տարվան 40%-ով։ ՀՊՏՀ-ում ամենաբարձր մրցույթը «Շուկայագիտություն»   (մարքեթինգ) /ըստ ոլորտի/ մասնագիտության գծով է, որտեղ 100 լիցենզիոն տեղի համար առկա է 211 դիմում-հայտ, այնուհետև «Ֆինանսներ»   և «Կառավարում»   մասնագիտություններն են, որտեղ 200-ական լիցենզիոն տեղերի համար համապատասխանաբար առկա է 360 և 342 դիմում- հայտ։ Մեծ է նաև հետաքրքրությունը «Տնտեսագիտություն»   և «Հաշվապահական հաշվառում»   մասնագիտությունների հանդեպ, այս մասնագիտություններից  յուրաքանչյուրի համար դիմել է  212 դիմորդ։ Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի դիմորդները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Վիճակագրություն» , «Տեղեկատվական համակարգեր» , «Սերվիս» , «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»   մասնագիտությունների գծով։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Դիանա Գալոյանը, asue.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս տարվա ընդունելության պատկերը, նշեց. «Իհարկե, դիմորդների թվի աճը պայմանավորված և՛ ընդhանուր առմամբ շրջանավարտների թվի աճով, և՛ ընդամենը մեկ քննությամբ ընդունվելու հնարավորությամբ, սակայն բոլոր բուհերում տնտեսագիտական մասնագիտությունների մեկնարկային պայմանների համահավասարեցումը ակնհայտորեն ցուցադրեց ՀՊՏՀ մրցակցային առավելությունները։ Մյուս կողմից, այս տարի ՀՊՏՀ թիմը մասնագիտական կողմնորոշման մեծ աշխատանք է կատարել՝ դպրոցների շրջանավարտների հետ փոխադարձ այցեր և հանդիպումներ կազմակերպելով, տեղեկատվական տեսահոլովակներ պատրաստելով: Հատկանշական է, որ այդ գործընթացում ներգրավված էին նաև մեր ուսանողներն ու շրջանավարտները։ Այդ ամենը, իհարկե, տվեց իր դրական արդյունքը, ինչի համար նախ շնորհակալ եմ մեր թիմին, ինչպես նաև դիմորդներին՝ ՀՊՏՀ-ն ընտրելու համար: Մեր բոլոր դիմորդներին սրտանց հաջողություն եմ մաղթում մաթեմատիկայի քննությանը և նշում, որ անհամբեր սպասում ենք նրանց մեր բուհում՝ արդեն ուսանողի կարգավիճակում»:

Հավելենք նաև, հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատումից հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով 2020թ․ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ն:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է 2020թ․ հուլիսի 25-ին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին