ՀՊՏՀ-ականներին միավորում է բուհում գերակա արժեքներին նվիրվածությունը. Սուսաննա Չալաբյան
Սիրելի′ ընթերցողներ, ՀՊՏՀ-ականներ, անկախ ստեղծված իրավիճակից, մենք շարունակում ենք ՀՊՏՀ 45-ամյակը նշանավորել տարաբնույթ առցանց անդրադարձներով: Այդ առիթով մեր սկսած բլից հարցազրույցների շարքն էլ այդ նախաձեռնություններից մեկն է: Այսօր մեր զրուցակիցը լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, լեզուների ամբիոնի նախկին վարիչ Սուսաննա Չալաբյանն է:
-Տիկին Չալաբյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Հարազատ:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-Հիմնադրման օրվանից` 01.10.1975թ.:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
- Մասնագիտության նկատմամբ սերս և նվիրվածությունս բուհին:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
- Հավանաբար, անգլերեն-հայերեն-ռուսերենի թարգմանիչ կդառնայի:
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
- Դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել, շատերն են եղել։
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Բուհում գերակա արժեքներին նվիրվածությունը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
- Անշուշտ:
- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Մեծ, ձմռանը` տաք, ամռանը` զով տան հետ:
- Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Լեզուների ամբիոնը:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Անկասկած:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Մի′շտ, նման շփումը գիտելիքի անսպառ աղբյուր է։
- Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Հոգատար, ավագ ընկեր, իր վրա, անկախ տարիքից, անընդհատ աշխատող, լավ մասնագետ, որը ջանք չի խնայում իր գիտելիքն ու փորձը ուսանողներին փոխանցելու համար։
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Ամբողջ նվիրվածությամբ շարունակել աշխատել, պահպանել այն արժեհամակարգը, որը ստեղծվել է մեր բուհը հիմնադիրների և կայացնողների կողմից, պահպանել և ծաղկացնել այս մեծ, հարազատ ընտանիքը` գալիք սերունդների համար:
-Շնորհակալություն:
Տիկին Չալաբյան, Դուք մեր համալսարանի այն դասախոսներից եք, ով միշտ աչքի է ընկել բարեկրթությամբ ու համեստ կերպարով: Ձեզ մաղթում ենք առողջություն, գործնական ու անձնական հաջողություններ: Միշտ ՀՊՏՀ-ի կողքին եղեք:
Շարունակելի…
Հ.Գ. ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի և Արկադի Հայրապետյանի հետ նույն խորագրի ներքո հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին