«Ուսանողական ամառ–2021» մարզամշակութային փառատոնի բացումը՝ հանդիսավոր ու հիշարժան

13.08.2021
Դիտումների քանակ՝ 1115

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում այսօր տեղի ունեցավ «Ուսանողական ամառ–2021»-ի պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և ուսանողների եռանդուն մասնակցությամբ: Ավանդական դարձած այս միջոցառումը հիանալի համատեղումն է ակտիվ հանգստի, մարզամշակությային և ինտելեկտուալ խաղերի, առողջ մրցակցության, ծանոթությունների:

Հանդիսավոր արարողությունը կատարվեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ: Ջոկատների շքերթը գունեղ էր ու տոնական, իսկ փոքր-ինչ հեռու արևի տակ շողշողում էին հաղթական գավաթներն ու մեդալները՝ սպասելով իրենց արժանավորներին:

Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ Դիանա Գալոյանն ասաց. «Սիրելի´ ուսանողներ, չափազանց կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը։ Հասկանում եմ ձեր էմոցիաները, որովհետև ես էլ ժամանակին եղել եմ կանգնած ձեր տեղում։ Մաղթում եմ ձեզ առողջ մրցակցություն, անսպառ խանդավառություն, թիմային համերաշխություն, սակայն ասեմ՝ ես ունեմ իմ ֆավորիտ թիմը»: ՀՊՏՀ ռեկտորն ավելացրեց, որ հանդիսավոր արարողությունից հետո կմնա դիտելու վոլեյբոլի խաղերը և երկրպագելու թիմերին:

«Դիլիջանյան այս բնության գրկում արդեն որերորդ տարին անցկացնում ենք մարզամշակութային այս փառատոնը, որի շրջանակում մի քանի տասնյակ սերունդներ արդեն կերտել են պատմություն, անցկացրել ուսանողական կյանքի վառ օրեր, ձեռք բերել ընկերներ։ Մաղթում եմ բոլորիդ հագեցած ու հաճելի ժամանց»,-ասաց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը և ազդարարեց «Ուսանողական ամառ–2021» մարզամշակութային փառատոնի բացումը:

Հանդիսավոր արարողությունից հետո, որին ներկայացան ՀՊՏՀ ֆակուլտետների և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներից կազմված 7 ջոկատները (յուրաքանչյուրում 8-ական ուսանող), սկսվեցին մարզական խաղերը: Ի դեպ՝ ծրագրում ներառված են բազմաբնույթ մարզական խաղեր՝ վոլեյբոլ, հրաձգություն, պարանի ձգում, սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, ջրախաղ, աքլորակռիվ: Ուսանողները հարուստ ու հետաքրքրական ծրագիր են պատրաստել նաև ինտելեկտուալ ու մշակութային միջոցառումների շրջանակում: Օրինակ՝ նախատեսվում է հայ արձակ գրականության թեմայով անցկացնել «Ջոկատի օր», որին մասնակից յուրաքանչյուր ջոկատը կներկայանա մեկ հայ գրողի որևէ ստեղծագործությամբ:

Այսպիսով՝ «Ուսանողական ամառ–2021»-ին մասնակցում է 110 ուսանող, այդ թվում՝ բոլորովին վերջերս՝ հուլիսի 19-ից 21-ը «Տնտեսագետ» մարզաառողջարանում ASUE educational camp եռօրյա կրթական ճամբարի ամենաակտիվ մասնակիցները: Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 18-ին՝ գալահամերգով:

Ուսանողական փառատոնից հետո մարզաառողջարանում իր ակտիվ 7-օրյա հանգիստը կանցկացնի ուսանողական նոր հերթափոխը:

Մաղթենք մեր ուսանողներին բովանդակալից ու հիշարժան օրեր:

Դիլիջանից՝ ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին