ՀՊՏՀ ուսանողների համար դասախոսեց Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորը

19.05.2021
Դիտումների քանակ՝ 1073

ՀՊՏՀ ուսանողները մայիսի 17-ին և 19-ին ունկնդրեցին Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բոբերի «Էլեկտրոնային բիզնեսի զարգացման պլանավորում» խորագրով անգլալեզու առցանց դասախոսությունը։ Այն կազմակերպվել էր «Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ-ի և Կրակովի տնտեսագիտական համալսարանի համագործակցության շրջանակում։

Այսօրվա առցանց հանդիպմանը ուսանողները հետևել են միասին՝ ՀՊՏՀ նիստերի սրահում։

Թոմաս Բոբերը դասախոսությունների ընթացքում, տարբեր մասնագիտությունների (հիմնականում՝ կառավարում, մարքեթինգ) ուսանողներին ներկայացրեց էլեկտրոնային բիզնեսի զարգացման պատմությունը (փոխակերպումները), ներկա միտումները, դրա պլանավորման սկզբունքները, մրցակցային առումով նորարարությունների դերը, մարքեթինգային առանձնահատկությունները։ Դասախոսությունը հարուստ էր կոնկրետ օրինակների քննարկմամբ (case studies), գործնական խորհուրդներով ու հարցուպատասխանով։

Հանդիպման ընթացքում Թոմաս Բոբերը հայտնեց, որ նախատեսում է հունիսին այցելել Երևան, ՀՊՏՀ-ում հանդես գալ արդեն անցանց դասախոսություններով. «Հուսով եմ՝ դեմ առ դեմ շփումն առավել արդյունավետ և ինտերակտիվ կլինի, կունենանք հագեցած քննարկումներ»։

Լուսանկարները՝ երկու օրերի դասախոսություններից

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին