Գիտական սեմինարում քննարկվեց «Բիզնեսի արժեք. հիմնախնդիրներ և աճ» թեման

Դիտումների քանակ՝ 2128

ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ներկայացուցիչներն աշխատանքային օրն ամփոփեցին գիտական սեմինարով: Ամբիոնի նախաձեռնությամբ «Բիզնեսի արժեք. հիմնախնդիրներ և աճ» գիտական զեկուցմամբ հանդես եկավ ասպիրանտ Բինգյոլ Ամիրյանը: Մասնակցում էին նշված ամբիոնի վարիչ Միքայել Մարդումյանը, դոցենտ Պարույր Քալանթարյանը, դասախոսական կազմի անդամներ, գիտությամբ հետաքրքրված ուսանողներ:

Միքայել Մարդումյանը ողջունեց ներկաներին և կարևորեց գիտական քննարկումների կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես գիտելիքի և փորձի փոխանակման եղանակ:

Բինգյոլ Ամիրյանը խոսեց բիզնեսի արժեքի գնահատման մեթոդաբանության և դրանց կիրառման, աճի ռազմավարության, հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկվեցին եկամտային, շուկայական, անվանական գնահատումները, խոսվեց բիզնեսի աճին խոչընդոտող հանգամանքների մասին: Զեկուցման ավարտից հետո ամբիոնի գիտնականները հանդես եկան մեկնաբանություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին