Հաջողության սեփական ճանապարհի, ռեստորանային բիզնեսի մասին և ոչ միայն. ՀՊՏՀ-ում կայացավ MBG hospitality-ի տնօրենի տպավորիչ վարպետաց դասը
Մարքեթինգով, ռեստորանային բիզնեսով, հանրային կապերով և բրենդինգով հետաքրքրված ՀՊՏՀ-ականները համալսարանի դահլիճում այսօր ունկնդրեցին MBG hospitality ռեստորանների խմբի հիմնադիր տնօրեն, մեր շրջանավարտ Կարեն Մարգարյանի «Ռեստորանային բիզնես. բրենդինգ, PR և մենեջմենթ» վարպետության դասը: MBG Hospitality ընկերությունը հայաստանյան HORECA ոլորտում գործող խոշոր մուլտիբրենդային ընկերություն է, որը հիմնադրել է 2013 թ. Երևանում Կարեն Մարգարյանը: Ընկերությունը միավորում է եվրոպական և հայկական խոհանոցով 7 բրենդեր՝ Louis Charden, Hans &Franz, Chinar, Tsirani Home, Tsirani Garden, Vostan, Alaska by Hans&Franz:
Դահլիճում էին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, մարքեթինգի, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնների ներկայացուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ու ուսանողներ, աշխատակիցներ, հյուրեր, ԵՊՀ ուսանողներ, ինչպես նաև՝ HORECA ընկերության ներկայացուցիչներ:
Կարեն Մարգարյանն իր երկարամյա փորձի հիման վրա ներկայացրեց ռեստորանային բիզնեսի, գործարարության էությունը, ռեստորանային բրենդի ստեղծման և դիրքավորման ռազմավարությունները, բարձր մրցակցային պայմաններում ժամանակակից բիզնես մոդելների մեջ ինտեգրվելու առանձնահատկությունները:
Ելույթում կարմիր թելի պես անցնում էր ռեստորանային բիզնեսին առնչվող տեղեկատվությունը, հայկական խոհանոցը հայաստանյան ռեստորաններում նորովի ներկայացնելու մշակույթից մինչև հաճախորդին նոր ասելիքով գրավելու հմտություն:
«Մենք չենք վաճառում պարզապես կերակուր կամ միջավայր, մենք վաճառում ենք էմոցիաներ»,-հաճախորդների ցանկությունները, գոհունակությունը, կարծիք-գնահատականները, ըստ բանախոսի, պետք է լինեն գործարարի ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք օգնում են աշխատանքի բարելավմանը: «Մենք շնորհակալ ենք բոլոր այն հաճախորդներին, ովքեր նույնիսկ բացասական կարծիք են հայտնում մեր աշխատանքի վերաբերյալ, որովհետև նրանք օգնում են բարելավել մեր աշխատանքը, գտնել մեր թույլ կողմերն ու ուժեղացնել դրանք»,- ասաց մուլտիբրենդային ընկերության ղեկավարը:
Կարեն Մարգարյանի ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան. դահլիճը հետաքրքրված էր թեմայով և բազմաթիվ ուշագրավ հարցեր ուղղեց բանախոսին, իսկ վերջում Կարեն Մարգարյանը և Դիանա Գալոյանն ընտրեցին 3 լավագույն հարցերի հեղինակներին, որոնց ընկերությունը անակնկալ կմատուցի:
Միջոցառումը եզրափակեց ՀՊՏՀ ղեկավարը: Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց Կարեն Մարգարյանին ուսանելի և հետաքրքիր դրույթներով լի ելույթի համար և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կշարունակվի, մասնավորապես ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկա անցնել ընկերությունում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին