Ամփոփվում է REFINE եռամյա նախագիծը. տեղի են ունեցել եզրափակիչ առցանց համաժողովներ

Դիտումների քանակ՝ 1381

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (REFINE) նախագիծը հոկտեմբերի 14-ին մոտենում է իր ավարտին։ Եռամյա բեղմնավոր աշխատանքից հետո, նախագծի արդյունքները ամփոփելու և ձեռք բերված փորձը կիսելու նպատակով, հոկտեմբերի 1-ին և 7-ին տեղի են ունեցել 2 եզրափակիչ առցանց համաժողովներ՝ համապատասխանաբար Հայաստանի և Մոլդովայի փորձառությունը ներկայացնելու համար։ Համաժողովների խորագիրն էր «Հայկական/մոլդովական բարձրագույն կրթությունը փոփոխվող աշխարհում. ինչպե՞ս համապատասխանեցնել ուսումնական ծրագրերը ներկա և ապագա կարիքներին»։

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից և ներկայացնում մանրամասները՝ նշելով, որ եզրափակիչ համաժողովներին մասնակցել են նախագծի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, ասոցացված գործընկերները, Հայաստանի/Մոլդովայի «Էրազմուս+» ազգային գրասենյակի ներկայացուցիչները, ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի, ինչպես նաև վերջինիս հետ սերտ առնչություն ունեցող աշխատաշուկայի ներկայացուցիչներ։

Համաժողովների ընթացքում նախագծի մասնակից համալսարանների աշխատակիցները ներկայացրել են ֆինանսների մագիստրոսական ծրագրերը բարեփոխելու իրենց փորձը, անդրադարձել են դրանց իրականացման մեխանիզմներին, այն չափանիշներին և պահանջներին, որոնք հաշվի են առնվել ուսումնական ծրագրերի թարմացման գործընթացում։ Համաժողովի մասնակիցները ներկայացրել են նաև նախագծի շրջանակներում կազմակերպված վերապատրաստումների և դրանց արդյունքների հետ կապված իրենց փորձը:

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը առաջին համաժողովի ընթացքում խոսել է «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի բարեփոխման ՀՊՏՀ փորձի մասին, իսկ միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը երկրորդ համաժողովի ընթացքում ներկայացրել է նախագծի շրջանակներում իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀՊՏՀ արձանագրած արդյունքները։

Եզրափակիչ համաժողովներին մասնակցել են նաև նախագծի ասոցացված գործընկերները, ովքեր մասնակիցներին ներկայացրել են այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին՝ իրենց հաջողակ կարիերան Հայաստանի/Մոլդովայի ֆինանսական համակարգերում կառուցելու համար։

Հիշեցնենք, որ REFINE-ը ԵՄ կողմից համաֆինանսավորվող նախագիծ է, որտեղ ընդգրկված են ընդհանուր առմամբ տասը համալսարաններ՝ Հայաստանից, Մոլդովայից և Եվրոպայից: Նախագծի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով: REFINE-ի շրջանակներում ՀՊՏՀ-ում իրականացված բարեփոխումների, դրանց վերաբերյալ ուսանողների կարծիքի, ձեռք բերված գրականության մասին և ավելին կարող եք կարդալ ակտիվ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին