ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ առաջին Ժան Մոնե ծրագրի մեկնարկը. առանցքում՝ բարձրագույն կրթության ու հետազոտության որակի բարելավումն է

Դիտումների քանակ՝ 3152

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ տեղի ունեցավ «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլի մեկնարկային հանդիպումը, որին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, «Էրազմուսազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, մեր համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում դիմել էր, Եվրոպական միության կողմից ստացել համաֆինանսավորում Ժան Մոնե ծրագրի իրականացման համար: Արդյունքում ՀՊՏՀ-ն՝ ի դեմս ՄՏՀ ամբիոնի, 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակից իրականացնում է սույն ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է ՀՊՏՀ միջազգային տնտեսագիտության մագիստրոսական ծրագրում ներդնել ԵՄ տնտեսությանը, քաղաքականությանը և վարչարարությանը վերաբերող 3 նոր դասընթաց` «ԵՄ ինստիտուտներ և որոշումների կայացման մեխանիզմներ», «Եվրոպական տնտեսական ինտեգրացիա», «Եվրամիությունը և աշխարհը»։ Ծրագրի հայտադիմումի մշակումն իրականացրել են պրոֆեսորներ Դիանա Գալոյանը, Զոյա Թադևոսյանը, ամբիոնի ասիստենտ Ալբերտ Հայրապետյանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Միջոցառման կազմակերպիչ՝ միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ողջունեց ներկաներին և ելույթի խոսքը տրամադրեց ներկաներին և հյուրերին:

«Տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ակտիվ շրջանում կարևոր տեղ է զբաղեցնում միջազգայնացումը»,- ողջույնի խոսքում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ է իրականացնում Ժան Մոնե ծրագիր: Բուհի ղեկավարը վստահ է՝ այս ծրագիրը մեծապես կնպաստի մագիստրոսական կրթական ծրագրերի բարելավման՝ ՀՊՏՀ-ում մեկնարկած գործընթացներին և իր ուրույն նշանակությունը կունենա բուհի միջազգայնացման գործընթացում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, Ն.Գ. Անդրեա Վիկտորինը շնորհավորեց ՀՊՏՀ-ին՝ ԵՄ համաֆինանսավորում ստանալու կապակցությամբ, և ողջունեց ծրագրի իրականացումը՝ հատուկ շեշտադրում կատարելով այն հանգամանքի վրա, որ ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան խորքային գիտելիքներ ստանալ ԵՄ ուսումնասիրությունների շրջանակներում գտնվող ոլորտների վերաբերյալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է նման ծրագրերի իրականացումը: Նա համոզմունք հայտնեց, որ Տնտեսագիտական համալսարանը ոչ միայն կկարողանա բարձր որակով իրականացնել ծրագրի շրջանակներում իր առջև դրված խնդիրները, այլև հետագայում ևս կներգրավվի նորանոր ծրագրերում, որոնք բոլորը միտված կլինեն ՀՀ-ում տնտեսագիտական կրթության և տնտեսության զարգացմանը:

«Էրազմուսազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ողջունելով ծրագրի հեղինակներին և նախաձեռնողներին՝ դրա մեկնարկի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ընթացք և խրախուսիչ ազդեցություն թե՛ ՀՊՏՀ և թե՛ հայաստանյան այլ բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:

ՄՏՀ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը հանդես եկավ «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլ ծրագրի ներկայացմամբ՝ մանրամասնելով նախանշված անելիքները, ծրագրի բովանդակությունը: Նա նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում իրականացնում է «Եվրոպական ինտեգրացիայի ուսումնասիրությունը միջազգային հարաբերությունների տեսությունների շրջանակներում» թեմայով հետազոտություն: Այնուհետև ՀՊՏՀ ուսանողներ Սոնա Ամյանը և Արփինե Ջրաղացպանյանը, ով նաև միջազգային կապերի բաժնի աշխատակից է, հանդես եկան ԵՄ-Հայաստան և ՀՊՏՀ-ԵՄ կապերի մասին ներկայացումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին