Կրթության գործընթացում պետք է լինի ուղիղ սոցիալական շփում. Մերի Բադալյան

Դիտումների քանակ՝ 3288

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է դեկանների հետ հարցազրույցների շարքը, որում անդրադարձ է կատարվում համապատասխան ֆակուլտետներում առցանց կրթության կազմակերպմանը: Այս անգամ մեր զրուցակիցն է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը:

-Տիկին Բադալյան, ինչպե՞ս կնկարագրեք Ձեր ֆակուլտետի դասախոսների և ուսանողության համախմբումը առցանց կրթության շուրջ:

- Նախ պետք է արձանագրել, որ մենք հեռավար կրթության փորձ չունեինք: Մեր դասախոսներն ու ուսանողները մեծ պատասխանատվությամբ ներգրավվեցին առցանց կրթության գործընթացում: Նշեմ, որ նույնիսկ ավագ սերնդի դասախոսները (70-նն անց), շատ կարճ ժամանակում կարողացան պատրաստվել, տիրապետել անհրաժեշտ տեխնիկական գործիքներին և պատշաճ կազմակերպել իրենց առցանց դասերը: Ուսանողների հետ կապված նշեմ, որ բացի առցանց դասերին մասնակցելուց, մեր ֆակուլտետից շատերը դեկանատին աջակցել են ուսումնակազմակերպական հարցերում: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ առցանց կրթությանը մեր ֆակուլտետն ապահովում է 70-80 տոկոսից բարձր ներգրավվածություն:

-Բնականաբար, ուսանողների հարցերն այս շրջանում սովորականից շատ են: Նրանք կարողանո՞ւմ են անկաշկանդ դիմել դասախոսներին:

-Անշուշտ: Դիմելու հետ կապված ավելորդ կաշկանդվածություն չկա: Բոլոր կուրսերի ուսանողներն էլ գիտեն իրենց անելիքը, ավարտական կուրսերի ուսանողները ևս իրազեկված են, որ փորձառությունների և ավարտական աշխատանքների պաշտպանությունները լինելու են առցանց: Բոլոր բնույթի հարցերի դեպքում էլ ուսանողը դիմում է պատասխանատուներին: Ես անձամբ տարբեր առցանց հարթակներում ուսանողների հետ անցկացնում եմ իրավիճակային դասեր և արձանագրում` դիմելու հետ կապված որևէ խնդիր չկա:

-Ինչպե՞ս եք գնահատում առցանց կրթության արդյունավետությունը: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

-Անվիճելի է` կրթության գործընթացում պետք է լինի ուղիղ սոցիալական շփում, կենդանի հաղորդակցում: Այնուամենայնիվ, ըստ իրավիճակի կողմնորոշվելը այս պահին անհրաժեշտություն է, և հեռավար կրթությունը փոխարինում է, այսպես ասած, լսարանային կրթությանը: Մեր դասախոսներն ունեն բարձր գիտելիք և կարողություններ, ինչի շնորհիվ այնպես են անում, որ առցանց կրթությունը հնարավորինս լրացնի համալսարան չգնալու բացը և ուսանողին փոխանցի գիտելիք, նաև ստուգի նրա գիտելիքը: Վստահ եմ` պատվով ենք հաղթահարելու այս փորձությունը և շուտով հանդիպելու ենք համալսարանում:

Շնորհակալ ենք զրույցի համար:

Կառավարման ֆակուլտետի դեկանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին