ՀՊՏՀ-ում ֆրանսերենի տոն էր

18.03.2022
Դիտումների քանակ՝ 1356

Ամեն տարի մարտի 20-ին աշխարհի հինգ մայրցամաքներում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է՝ սկսած 2012 թվականից։ Անմասն չմնալով ֆրանկոֆոնիայի տոնից՝ այսօր՝ մարտի 18-ին, ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «Կանանց հնարավորությունների անսահման տիեզերքը» խորագրով միջոցառում, որի նպատակն էր խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը և ի ցույց դնել ֆրանկոֆոն երկրների մշակութային ու լեզվական բազմազանությունը: ՀՊՏՀ ուսանողուհիները ներկայացրեցին համաշխարհային ճանաչում ունեցող և ֆրանսերենին տիրապետող հայ անվանի կանանց, որոնք ոգեշնչման աղբյուր կարող են լինել նաև ցանկացած հայ կնոջ համար։

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը, ինչպես նաև Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներ։

Խոսելով ֆրանսերենի դասավանդման կարևորության մասին՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ասիստենտ, միջոցառման կազմակերպիչ Իզաբելլա Աբգարյանն ընդգծեց, որ մեկ օտար լեզու իմանալն այսօր արդեն բավարար չէ, և ուսանողները պետք է ձգտեն հնարավորինս շատ օտար լեզուների տիրապետել. «Ուրախ եմ, որ բուհում կարևորվում է այդ հանգամանքը և դեռ նախորդ տարվանից ֆրանսերենի ուսուցումը, որպես երկրորդ օտար լեզու, ընդգրկվել է ուսումնական ծրագրում։ ՀՊՏՀ այսօրվա ուսանողուհիները վաղը կերտելու են Հայաստանի տնտեսության վերելքը, և դրա համար պետք է միայն սովորել, լինել համարձակ ու նախաձեռնող»։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ֆրանսերեն գրքերի ֆլեշմոբ, մասնակիցներն ըմբոշխնեցին ֆրանսիական շանսոնի հնչյունները ու համտեսեցին նրբահամ կրուասան։