ՀՊՏՀ-ում անցկացվեցին մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները. նոր ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է

Դիտումների քանակ՝ 2490

ՀՊՏՀ-ում այսօր կազմակերպվեցին մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության (2-րդ փուլ) շեմային քննությունները: Նախօրոք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) հրապարակված մագիստրատուրայի ընդունելության հարցաշարերի համաձայն՝ դիմորդների հետ հարցազրույց անցկացրին համապատասխան ամբիոնների վարիչները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Քննությունների ընթացքին հետևում էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը, ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանը:

Պրոռեկտոր Դիանա Գալոյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց, որ դիմորդների թիվը մեծ է հատկապես նոր ներդրված հանրային կառավարում և գործարար վարչարարություն (կառավարում) մասնագիտություններում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հենց այսօր, ընդունվածների ցուցակները համալսարանի պաշտոնական կայքում կհրապարակվեն առաջիկայում:

Քննությունից հետո մենք զրուցեցինք նաև մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման դիմորդ Լիանա Սահակյանի հետ: Նա Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի սերվիս մասնագիտության շրջանավարտ է և այժմ հագուստի բրենդային խանութում աշխատում է որպես մերչենդայզեր:

«Մագիստրոսական կրթություն ստանալու համար ընտրել եմ Տնտեսագիտական համալսարանը, որովհետև այն մեր հեղինակավոր բուհերից է: Իսկ մարքեթինգ մասնագիտությունն ընտրեցի, որովհետև այն ինձ շատ անհրաժեշտ է աշխատանքս ավելի գրագետ կատարելու, առաջընթացի համար: ՀՊՏՀ քննական հանձնաժողովի աշխատանքը բարձր եմ գնահատում, հարցազրույցը բավականին հետաքրքիր էր»,-ասաց Լիանան և հավելեց, որ անհամբեր սպասում է նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Շնորհավորում ենք շեմային քննությունը հաջողությամբ հանձնած դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին