ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Արփինե Մանուչարյան
Մեր այսօրվա հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արփինե Մանուչարյանն է։
– Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Սովորել եմ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում։ Բուհական կրթությունը, բացի բուն մասնագիտական գիտելիքներից, տվել է մի շարք փափուկ հմտություններ, օրինակ՝ հաղորդակցման և ժամանակի կառավարման, ինչպես նաև խնդիրներ լուծելու կարողություն։ Կարևորում եմ ուսումնառության տարիներին network-ի ստեղծումը։
- Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–ՀՊՏՀ-ում աշխատանքս շատ հետաքրքիր է, հնարավորություն ունեմ երկու մասնագիտություններս՝ մարքեթինգն ու լուսանկարչությունը, համատեղել, ձեռք եմ բերում նոր ծանոթություններ և հնարավորություն ունեմ զուգահեռ շարունակելու ուսումս։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
-Հետաքրքրված եմ արհեստական բանականությամբ, լուսանկարչությամբ, լեռնագնացությամբ։
- Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Երազանքների շարքից է՝ բացահայտել Հայաստանի բոլոր թաքնված անկյունները, լինել բոլոր լեռներում, իսկ ամենամեծ երազանքը՝ այցելել Արևմտյան Հայաստան։
–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Մոտիվացիան ոլորտում զարգանալն է, նոր հաջողություններ ունենալը, որի շնորհիվ ինձ հարազատ մարդիկ կհպարտանան։
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, որքան հնարավոր է ակտիվորեն մասնակցել բուհում իրականացվող միջոցառումներին, լինել նախաձեռնող, չհանձնվել ոչ մի պարագայում։