Տնտեսագիտական համալսարանն ու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր կիրականացնեն

Դիտումների քանակ՝ 2285

Նոր ուսումնական տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ համատեղ կիրականացնի մագիստրոսական նոր կրթական ծրագիր, որը կներառի թվային բանկինգ, ներդրումային բանկինգ և ֆինտեխ արդիական ուղղությունները:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահի պաշտոնակատար Կարեն Սարգսյանը այսօր մեր համալսարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը, ինչպես նշեցին կողմերը, ոչ միայն երկու կազմակերպությունների միջև ձևավորված համագործակցության յուրօրինակ ամրագրում է, այլև փոխգործակցության նոր հորիզոնների ուրվագծում:

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտորներ Թաթուլ Մկրտչյանը և Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի խորհրդական Աննա Բաղդասարյանը, մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշան Առաքելյանը, ինչպես նաև ՀՊՏՀ ուսանողներ:

«Մենք փոխում ենք մագիստրոսական կրթական ծրագրերի փիլիսոփայությունը՝ մեր գործընկերներին մասնակիցը դարձնելով այդ ծրագրերի մշակման և իրականացմանը»,- հայտարարեց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ-ում վերանայվում է նաև փորձառությունների կազմակերպման գործընթացը, որում մեծապես կարևորվում է գործատուների դերը: Շնորհակալություն հայտնելով բանկի ղեկավարությանը համագործակցության պատրաստակամության համար՝ ՀՊՏՀ ղեկավարն ընդգծեց, որ արդյունքը սպասեցնել չի տա, և նոր ուսումնական տարվանից ծրագիրը կյանքի կկոչվի:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահի պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ ՀՊՏՀ-ի հետ իրենց համագործակցությունը մեկ տասնամյակի պատմություն ունի, սակայն նոր հուշագիրը այդ համագործակցությունն ավելի արդյունավետ կդարձնի՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով բանկի ներկայացուցիչներին ՀՊՏՀ ուսանողներին փոխանցելու այնպիսի հմտություններ, որոնցով նրանք կկարողանան համալրել բանկի աշխատակիցների շարքերը: Կարեն Սարգսյանը նաև նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մասնաճյուղեր ունի ամբողջ հանրապետությունում, ինչը ՀՊՏՀ բազում ուսանողների ուսման ավարտից հետո տեղում աշխատելու հնարավորություն կընձեռի:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո երկու կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՊՏՀ 44 ուսանողների, որոնք վարպետության դասերի էին մասնակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ, հանձնեցին հավաստագրեր: Ավարտին բանկի ՄՌԿ վարչության ղեկավարը ուսանողներին հորդորեց իրենց ուղարկել CV-ներ, եթե հետաքրքրված են բանկում աշխատելու հնարավորությամբ:

Հուշագիրը ամրագրում է նաև, որ բանկը ՀՊՏՀ ուսանողներին կտրամադրի կրթաթոշակներ, գործընկերները այսուհետ համատեղ կմշակեն ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, ընկերության փորձառու աշխատակիցները կներգրավվեն ՀՊՏՀ ուսումնական գործընթացում, ՀՊՏՀ ուսանողները բանկում փորձառություն անցնելու հնարավորություն կունենան, կիրականացվեն համատեղ գիտահետազոտական նախագծեր, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին