Թվային արժույթները նվաճո՞ւմ են ապագայի տնտեսությունը. բաց դասում թեման քննարկեց հրավիրյալ բանախոսը
Մեր ապագա տնտեսագետները և դասախոսները հաճախ են քննարկում կրիպտոարժույթների թեման. համաշխարհային տնտեսության մեջ համեմատաբար նոր իրողությունը նվաճում է աշխարհը, և բնականաբար, պետք է հասկանալ՝ ինչու և ինչպես: Թեմային էր նվիրված նաև «Միջազգային բիզնես» առարկայի այսօրվա դասը՝ տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսում: Դասախոս, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի հրավերով բանախոսեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, ծրագրավորող, Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը՝ «Կրիպտոարժույթները որպես ապագայի տնտեսության արյունատար անոթնե՞ր» խորագրով:
asue.am-ի հետ զրույցում Ալբերտ Հայրապետյանն ասաց, որ բանախոսի ընտրությունը պայմանավորված է նրա փորձով. Էդուարդ Ավետիսյանը խորամուխ է եղել կրիպտոարժույթների ուսումնասիրության գործում, համակողմանիորեն տիրապետում է թեմային:
Մինչ թվային արժույթներին անդրադառնալը՝ բանախոսը համառոտ ակնարկ ներկայացրեց փողի էվոլյուցիայի մասին, այս համատեքստում դիտարկեց կենտրոնական բանկերի առաքելությունը, ֆինանսկան ճգնաժամերի խորքային պատճառները և այլ հարցեր: Եվ իհարկե, բանախոսության տրամաբանական կանգառը այդքան մեծ աղմուկ հանած կրիպտոարժույթն էր, խոսվեց դրա առաջացման ու լայն տարածման, հետաքրքիր փաստերի, «գաղտնի» հաղորդագրության, հեռանկարների մասին:
Եվ վերջում՝ հարց ու պատասխան, կարծիքների բախում, ուղեղային գրոհ. միջոցառումը տպավորիչ էր, ինտերակտիվ ու օգտակար, և թեև ուսանողներն առաջին անգամ չէին կրիպտոարժույթների մասին դաս ունկնդրում, բայց անշուշտ, այսօր էլ ստացան նոր գիտելիք, լսեցին նոր ասելիք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին