«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում այց Մասարիկի համալսարան

12.04.2022
Դիտումների քանակ՝ 1283

«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում ապրիլի 4-7-ը տեղի է ունեցել ուսումնական այց Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան (https://www.muni.cz/)։ Այցի նպատակն էր Հայաստանի և Վրաստանի հետազոտական ինստիտուտների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին փոխանցել հետազոտությունների առևտրայնացման եվրոպական փորձը՝ ուղղված ՓՄՁ կարիքների բավարարմանը և նոր արդյունքների ստեղծմանը: Ուսումնական այցը կազմակերպվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից։ Այցի մասնակիցներն էին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներական բաժնի պետի տեղակալ Համլետ Իսունցը, նախագծի շրջանակներում կազմակերպված «Բիզնես-գիտություն» կապի խթանմանն ուղղված մրցույթի հաղթող, ՓՄՁ ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանը, Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Նինո Օկրիբելաշվիլին, Թբիլիսիի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի ղեկավար Իրմա Գրձելիձեն և Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուսուդան Սանաձեն:

Ուսումնական այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Մասարիկի համալսարանի տեխնոլոգիաների փոխադրման կենտրոնի տնօրեն Եվա Ջանուշկովցովայի, միջազգային կապերի, որակի ապահովման բաժինների ներկայացուցիչների հետ, այցելել են Կենտրոնական Եվրոպայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասարիկի համալսարանի գիտական ֆակուլտետի RECETOX հետազոտական կենտրոն, Հարավային Մորավիայի ինովացիոն կենտրոն։

Ուսումնական այցի արդյունքում հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները ձեռք են բերել գիտելիքներ այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով կազմակերպել գիտելիքների/տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացը, ծանոթացել են գործընկեր համալսարանի հետազոտական և տեխնոլոգիաների փոխադրման կենտրոններին, իսկ ՓՄՁ ներկայացուցիչը գիտելիք է ձեռք բերել այն մասին, թե ինչու և ինչպես համագործակցել հետազոտական ինստիտուտների և ակադեմիական հաստատությունների հետ, ինչը կնպաստի շուկայում առավել մրցունակ դիրք զբաղեցնելուն:

Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա:

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: