ՀՊՏՀ-ում բացվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանի անվան լսարան
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում այսօր բացվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի անվան լսարան՝ «Իմ երկրի ապագան այս լսարանում է» կարգախոսով։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, Վլադիմիր Հարությունյանի ընտանիքի անդամները, ընկերները։
Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց լսարանի բացման առիթով և անդրադարձավ Վլադիմիր Հարությունյանի անցած ճանապարհին՝ ընդգծելով՝ նա ստեղծարար հետագիծ, բարի անուն և ժառանգություն թողած երախտավոր է, որի մասին լավագույնս կհիշեցնի սույն լսարանը։ «Մենք հավատում ենք, որ նաև կրթական միջավայրն է նպաստում կրթության որակին և ուսումնական գործընթացի արդյունավետությանը։ Վստահ եմ, որ այս լսարանը լավագույնս կծառայի իր նպատակին՝ միաժամանակ վառ պահելով Վլադիմիր Հարությունյանի հիշատակը։ Չմոռանանք կարևոր բանաձևը՝ մարդն ապրում է, քանի դեռ նրան հիշում են»,- ասաց պրոռեկտորը։
Այնուհետև Վլադիմիր Հարությունյանի մասին սրտի խոսք ասացին տ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը՝ ընդգծելով, որ միասին կյանքի շատ հիշարժան դրվագներ են ունեցել, և կարող է հավաստել՝ Վլադիմիր Հարությունյանը իրական տնտեսագետ էր։
Գրիգոր Նազարյանը նշեց, որ նոր լսարանը տնտեսագիտության երախտավորի անունն ու հիշողությունը վառ պահելու և նրա պատգամները սերունդներին փոխանցելու հրաշալի առիթ է, ապա հավելեց՝ Վլադիմիր Հարությունյանը տարբեր ոլորտներում աշխատանքի հարուստ փորձ է ունեցել՝ թողնելով առանձնակի հետագիծ։
ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանն անդրադարձավ ինստիտուտի զարգացման գործում Վլադիմիր Հարությունյանի ներդրմանը՝ մատնանշելով մի շարք ավանդույթների հիմնումը․ «Նա Տնտեսագիտության ինստիտուտում հիմնեց մշակույթ՝ բազային թեմաները բխեցնել կառավարության առաջնահերթություններից»։
Այնուհետև խոսեցին Վլադիմիր Հարությունյանի զավակները՝ Աննա և Դավիթ Հարությունյանները։ Նրանք շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը՝ իրենց գաղափարին ընդառաջելու և նման լսարան ստեղծելու հնարավորության համար։
Աննա Հարությունյանը, ով նաև մեր բուհի կառավարման ամբիոնի դասախոս է, շեշտեց, որ հայրը իր երեք զավակներին փոխանցել է արժեհամակարգ, որի սյուներն են աշխատասիրությունը, հայրենասիրությունը և նվիրվածությունը՝ հիմքում կարևորելով գիտելիքն ու կրթությունը։ Շարունակելով քրոջ խոսքը՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ սույն լսարանի ստեղծումը հավաստում է, որ իրենց հայրիկի համար բարձր արժեք է եղել կրթությունը, և լավ կլինի, որ այդ պատգամը ուղեկցի նաև բուհում սովորող ներկա սերնդին՝ նպաստելով երկրի բարօրությանն ու տնտեսության զարգացմանը։
«Սա մեր հայրիկի հիշատակը վառ պահելուն միտված նախաձեռնություն է։ Ես ինքս Ամերիկյան համալսարանում եմ դասավանդում և գիտեմ, որ լսարանային պայմանները շատ կարևոր են՝ դրանք ձևավորում են լավ միջավայր, լավ կրթություն, լավ երիտասարդություն»,- asue.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունյանը։